.jpg)
ԲՀԿ-ն պահանջո՞ւմ է ամբողջական իշխանափոխություն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն ասօր ճեպազրույցների ժամանակ խոսեց ՀՀ կառավարության գործունեության մասին:
Կառավարությունը, պատգամավորի խոսքով, տապալել է հասարակության համար կենսական կարևորություն ունեցող հարցեր: «Կառավարության անվստահության հարցը սկսված է: Գտնում ենք, որ կառավարությունը պետք է հեռանա ոչ միայն վարչապետով, այլ ամբողջությամբ: Մենք չենք բարձացնում միայն Տիգրան Սարգսյանի անձը, այլ՝ ամբողջ կառույցը: Մեզ համար խորթ է, որ ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին հաջորդի մեկ այլ ՀՀԿ-ական»,- ասաց Վ. Բաբայանը:
Եթե խորհրդարանական մեծամասնությունը, շարունակեց խոսքը ԲՀԿ պատգամավորը, չգնա փոփոխությունների, ապա անհրաժեշտ է դառնում, ըստ Վ. Բաբայանի, տասնյակ հազարամավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում:
«Սակայն մենք ցանկանում ենք ամեն բան անել անցնցում: Այսինքն՝ իշխանափոխության փուլային տարբերակին հաջորդում է ամբողջական իշխանափոխության պահանջը: Մենք լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28-ը և դրանից հետո, թող մտածի իշխանությունն իր գործողությունների մասին»,- սպառնաց Վ. Բաբայանը:
Հաջորդ կառավարությունը, նրա խոսքով, պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն:
Հարցին, թե միևնույն է իշխանությունն է ձևավորում կառավարություն, այդ դեպքում ի՞նչ ազգային համաձայնության կառավարության մասին կարող է խոսք լինել կամ հնարավո՞ր է՝ նրանք պահանջեն նոր խորհրդարանական ընտրություններ, ճեպազրույցին մասնակից Ստեփան Մարգարյանն ասաց, որ դրա մասին խոսել դեռ վաղ է, սակայն չի կարելի ոչինչ բացառել:
Լրագրողի մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ նման «գռոզնի» հայտարարություն չի անում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կամ ծայրահեղ տարբերակում Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, թե Գագիկ Ծառուկյանը երկրում չէ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ, պատգամավորի խոսքով, այլ հանդիպումների է, հետևաբար կուսակցության դիրքորոշումը իրենք են հայտնում:
Դիտարկմանը, թե եթե Գ. Ծառուկյանը երկրում լիներ, ինքն անձա՞մբ կհայտարարեր այդ մասին, Ստեփան Մարգարյանը չցանկացավ պատասխանել:
Նախորդող հրապարակում՝ Ոչ իշխանական ուժերը ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն կհայտնեն