.jpg)
Սահմանին անհանգիստ է. Թշնամին լռեցվելու է ցանկացած գնով
Վերջին օրերին Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերից անընդհատ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կրակահերթ է արձակում հայկական գյուղերի ուղղությամբ: Կրակի տակ են հատկապես Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Չինար, Մովսես, Պառավաքար գյուղերը: Համացանցում նաև տեսանյութեր են շրջանառվում, որոնցում հստակ երևում է Ադրբեջանի կողմից արձակվող կրակահերթերը:
Այս տեղեկությունների, ինչպես նաև` հայկական կողմի ձեռնարկած քայլերի առնչությամբ Aysor.am-ը զրուցեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Նրա փոխանցմամբ` ադրբեջանական կողմը վերջին օրերին բավականին ակտիվացել է:
«Հակառակորդը կրակ է բացում ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի, սակայն Ադրբեջանին հաջողվել է որոշակի ավերածությունների պատճառ դառնալ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Ըստ նրա` հակառակորդը, հիմնականում, կրակ է բացում խոշոր տրամաչափի զենքերից, ակտիվ են նաև դիպուկահարները:
Հարցին, թե ի՞նչ քայլերի են գնում ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները` կասեցնելու հակառակորդի ագրեսիվ գործողությունները, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հայկական ստորաբաժանումները հրաման ունեն` ամեն գնով կասեցնելու ադրբեջանական կողմի ագրեսիան, ՊՆ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում` լռեցնելու հակառակորդին: