Նալբանդյան. Ժխտումը Ցեղասպանության շարունակությունն է
01/04/2014 17:22

Նալբանդյան. Ժխտումը Ցեղասպանության շարունակությունն է

Ապրիլի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված «Պաշտպանելու պատասխանատվությունը» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Բելգիայի արտգործնախարարության կողմից՝ Ռուանդայում թութսիների ցեղասպանության 20-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասել է. «Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն՝ չորս շաբաթ առաջ Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ` «Այսօր արդեն հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է: Այո՛, գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հաջորդ տարի կլրանա այս ողբերգության 100-րդ տարելիցը: Որպես մի ժողովուրդ, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` մենք մեծ բարոյական պատասխանատվություն ենք զգում մեր ներդրումը բերելու միջազգային հանրության ջանքերին՝ կանխելու մարդկության դեմ հանցագործությունները»:

Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միահամուռ և համարժեք միջազգային արձագանքի բացակայությունն է: Ցեղասպանությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը պետք է կիսվի միջազգային հանրության կողմից: Սա պահանջում է պետությունների կողմից քաղաքական հանձնառություններ՝ թույլ չտալու ցեղասպանությունների իրականացումն աշխարհի ցանկացած մասում` առանց ստորադասելու այս համամարդկային խնդիրը որևիցե աշխարհաքաղաքական հաշվարկներին:

«Քաղաքակիրթ աշխարհը վճռականորեն մերժում է ատելության, ռասիզմի հրահրումը, անհանդուրժողականության տարածումը, ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների ժխտումը՝ ազատ արտահայտվելու իրավունքի պատրվակով: Ժխտումը ցեղասպանության շարունակությունն է»,- շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Համաժողովին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, մի շարք այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, շուրջ երեք տասնյակ երկրների արտգործնախարարներ, այլ բարձրաստիճան պատվիրակություններ, ականավոր գիտնականներ։

Համաժողովին ելույթ ունեցած շուրջ 120 երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչները կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։ 

Նալբանդյան. Ժխտումը Ցեղասպանության շարունակությունն է