.jpg)
ՀՀԿ-ն հանգիստ է վերաբերում կառավարության անվստահության հարցին
«Կառավարության հրաժարականի պահանջը վաղուց հասունացած է, և մենք այն կյանքի ենք կոչելու։ Այս պահին քառյակը ծրագրային աշխատանքներ է մշակում, և որոշ ժամանակ անց հասարակությունը կտեսնի մեր գործողությունների արդյունքը: Մոտ ժամանակներս կսկսվեն նաև մարզերում իրազեկման աշխատանքներ ժողովրդի հետ, որից հետո արդեն շրջանառության մեջ կդնենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք ասում ենք կառավարությանը, որ վերջին տարիների գործունեությունը` տնտեսական աճի դանդաղում, արտագաղթ, փաստում են, որ կառավարությունն իր ծրագրային գործունեությունը չի հաջողել»,- ասաց ԲՀԿ պատգամավորը` ավելացնելով, որ բացի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, քառյակը մշակում է նաև երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու իր ծրագիրը, որը կներկայացվի հաջորդիվ:
Ասուլիսին մասնակից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ իր հերթին ասաց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին իր ներկայացնող կուսակցությունը հանգիստ է վերաբերում, քանի որ դա ընդդիմության սահմանադրական իրավունքն է, բայց.
«Դժվար է այսօր կանխատեսում անել, թե 26 օր հետո ինչ է լինելու, այդ երեք օրերի օրակարգն ինչպիսին է լինելու: Սպասենք, տեսնենք։ Հնարավոր է, որ բանը դրան չհասնի էլ։ Ցանկացած պարագայում կողմ եմ բովանդակային քննարկումների»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։