.jpg)
Ա. Սարգսյան. Վարչապետը պետք է լինի դրսից, որ լուծի ներսի խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչև հինգշաբթի երեկո չգիտեր, որ հրաժարական է տալու: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Վարչապետի հրաժարականի պատճառ դարձան, ըստ նրա, Սահմանադրական դատարանի որոշումը և դրան հաջորդած կառավարության նիստը:
«Հանրապետության նախագահի համբերության բաժակը լցվեց, նա սպասում էր, որ կառավարության նիստի ժամանակ կուտակայինի մասին օրենքը պատրաստած նախարարները խիստ գնահատականներ կստանան, սակայն դա չեղավ»,- ասաց Ա. Սարգսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս որոշման հիմքում ընկած է քառյակի սպառնալիքը, թե եթե մինչև ապրիլի 28-ը կառավարությունը հրաժարական չտա, ապա իրենք բարիկադներ կկառուցեն, Ա. Սարգսյանն ընդգծեց, որ եթե քառյակն իսկապես բարիկադներ կառուցելու լիներ, ապա չէր սպասի մինչև 28-ը:
Ինչ վերաբերում է վարչապետի նոր թեկնածուներին, ապա Ա. Սարգսյանը նկատեց, որ եթե Հանրապետության Նախագահի մոտ քաղաքական կամք կա փոխելու այս համակարգը, ջարդելու կլանային, մենաշնորհային համակարգը, ապա նա պետք է նշանակի այդ արատավոր համակարգը քանդելու հնարավորություն ունեցող մարդու, որին, Ա. Սարգսյանի խոսքով, պետք է փնտրել Հայաստանից դուրս և ոչ` հանրապետականամերձ շրջանակներում:
«Իսկ եթե նախագահը զուտ կոսմետիկ փոփոխություններ է ցանկանում, ապա դրա համար թեկնածուները բազմաթիվ են»,- ասաց նա` չցանկանալով մատնանշել կոնկրետ անուն, թե ով պետք է լինի դրսից: