Բաքուն հրաժարվել է ընդունել ՀՀ ԶՈւ պատվիրակությանը
07/04/2014 18:29

Բաքուն հրաժարվել է ընդունել ՀՀ ԶՈւ պատվիրակությանը

ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի այս տարվա աշխատանքային ծրագրի համաձայն՝ տարածաշրջանում խաղաղության ու վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով՝ ՀՀ ՊՆ-ն նախատեսել էր ՀՀ ԶՈւ պատվիրակությանն ուղարկել Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերի հավաքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Պատվիրակությունը Բաքու պետք է գնար Մոսկվայով, ուր և այսօր մեկնել է: Չնայած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի կողմից հրավերին, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը՝ հյուրընկալող կողմը չի հաստատել իր պատրաստակամությունն ու հետաքրքրությունը հայկական պատվիրակության ընդունելու վերաբերյալ: Այդ իսկ պատճառով հայկական պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է հայտարարվել»,- ասվում է ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածում այն մասին, թե Բաքվում կայանալիք հավաքին մասնակցելու է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը: Այս տեղեկավությունը հերքել էր Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Յուրի Խաչատուրովը Բաքու չի մեկնելու և նրա փոխարեն գնալու է ՊՆ այլ ներկայացուցիչ: 

Բաքուն հրաժարվել է ընդունել ՀՀ ԶՈւ պատվիրակությանը