.jpg)
«Ժառանգությունը» չունի վարչապետի, ունի նախագահի թեկնածու. Ր. Հովհաննիսյան
«Ժառանգությանը» չեն առաջարկել և կուսակցությունը չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ քննարկել վարչապետի հարցը: Այս մասին Ազատության հրապարակում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հարցին, թե «Ժառանգությունը» պատրա՞ստ է լինել կոալիցիայի մեջ, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այս իշխանությունների ներքո պատրաստ չէ:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք ոչ մեկի հետ գործարքի մեջ չեն մտնում, երկրի համար ստեղծվել է ճակատագրական վիճակ և բոլորի կողմից անհրաժեշտ է կառուցողական մոտեցում:
Վարչապետի պաշտոնին վերաբերող հարցին, Ր. Հովհաննիսյանն ասաց, որ այդ պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն իրենց համար անընդունելի է:
«Որևէ նոր վարչապետ չի վայելելու ժողովրդի և մեր վստահությունը: Մենք պատրաստ ենք հանդիպել, լսել տեսակետներ, եթե չփոխվի Հայաստանի կառավարման մանրակերտը, ապա երկրում ոչինչ չի փոխվելու և արտագաղթն ու խնդիրները շարունակվելու են»,- ասաց նա:
Հարցին, թե «Ժառանգությունն» ունի՞ վարչապետի թեկնածու, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց կարճ. «Մենք ունենք նախագահի թեկնածու»:
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյան. Ես ներում եմ բոլորին, որովհետև հիմա գործելու պահն է