.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում
«Այսօր երկար-բարակ պիտի խոսեի անցյալի մասին, ինձ արդարացնեի, ուրիշներին քննադատեի, պատասխանեի ուրիշներին, բայց դա չեմ անելու: Հայաստանում այսօր ստեղծվել է մի վիճակ` վերջացնելու անցյալի կիսատ մնացած գործը: Մեր երկրում մեծ պայթյուն է սպասվում: Աստված անի, որ այն լինի խաղաղ, սահմանադրության համաձայն: Այո, մենք ենք տերը մեր երկրի: Անցյալ տարի այս նույն հրապարակում բացականչեցինք և այսօր կրկին ասում ենք այդ»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ողջույնի խոսքն այսպես սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Կառավարւթյան հրաժարականը, որը պահանջում էր հասարկությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հոսանքները, արդեն կատարվեց` առանց պահանջների, շուրջօրյա ցույցերի: Այսինքն՝ արժե ապրել մինչև ապրիլ, այսինքն՝ մենք գտնվում ենք պատմական շրջափուլում:
Երբ վերջին անգամ Ազատության հրապարակում հանդիպեցինք, ասացի, որ կա՛մ կլինի միացյալ հրապարակ, կա՛մ ես հանդես կգամ առանձին հայտարարությամբ: Թող ուշ լինի, բայց նուշ լինի. Այսօր, տակավին, միացյալ հրապարակ չկա, բայց ես վստահ եմ, որ շուտով այս ամսում կլինի միացյալ հրապարակ: Հայերիս համար համատեղ գործելը դժվար է լինում, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ հանդիպումը լինի միացյալ»,- խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հավելեց. «Մի տարի առաջ այսօրը Սերժ Սարգսյանը կեղծ երդում կատարեց Սուրբ գրքի վրա: Ինքը գիտի ընտրությունների իրական արդյունքները, բայց ձեռքը դրեց Սուրբ գրքի վրա, Ազատության հրապարկում ժողովուրդը նույնպես երդվեց իր ապագայի համար»,- հիշեց նա` կոչ անելով չմոռանալ նոր ապագայի համար երդումը:
«Այդ ապագայի ծիլերը մենք տեսնում ենք այսօր, հիմա դա կճանաչենք թե չէ, կընդունենք, թե կուրանանք, կապ չունի: Մենք շարունակում ենք այդ պայքարը: Շատ հպարտ եմ ձեզանով, մեր երիտասարդ ակտիվիստներով, ովքեր պիտի գիտակցեն, որ իրենք միայն մեկ թեմայի համար պայքարող չեն, մի թեմայի համար փողոց փակող չեն»: