14/04/2014 12:24
«Դեմ եմ»-ը սկսում է նոր համակարգի ձևավորումը
Այսօրվանից «Դեմ եմ» նախաձեռնությունը սկսում է ձևավորել «Դեմ եմ» միասնական համակարգը, որի նպատակն է ստեղծել քաղաքացիական միասնական միավոր, որն առաջ կքաշի ՀՀ քաղաքացիներին հուզող հարցեր և կհամակարգի այդ խնդիրներով մտահոգ և ակտիվ քաղաքացիների գործողությունները՝ ցանկալի նպատակի հասնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դեմ եմ»-ի կայքից:
«Տվյալ դեպքում դա Կուտակային կեսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հեռացումն է, պարտադիր կուտակային համակարգով արդեն կատարված վճարների վերադարձը։ Համակարգը նաև կօգնի ակտիվացնել պասիվ քաղաքացիներին՝ սեփական ներուժը մեծացնելու համար։ Համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ համակարգի ղեկավարումը ստանձնում է ժողովուրդը և, չունենալով որպես այդպիսին ղեկավար մարմին, կլինի ինքնակազմակերպվող և կայուն խափանումների նկատմամբ։ Այն կկարողանա գործել անկախ համակարգի հեղինակներից։
Ստորև ներկայացնում ենք դրույթների համառոտ ցուցակը, որով կարելի է հիմնել նման համակարգ։ Հետագայում այս դրույթները հնարավոր է ավելացվեն և շտկվեն։ «Դ!ԵՄ» թիմը և մի շարք արդեն գործող նախաձեռնող խմբեր արդեն օգտագործում են այս աշխատանքի սկզբունքը, որը գործում ապացուցել է իր արդյունավետությունը։
Կանոնակարգ
1) «Դ!եմ եմ» համակարգի անդամ կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի, ում մտահոգում է «Դ!եմ եմ» թիմի օրակարգում դրված խնդիրը և ով ցանկություն ունի ինչ-որ ձևով մասնակցել այդ խնդրի կամ խնդիրների լուծմանը։
2) «Դ!եմ եմ» համակարգի անդամ հանդիսացող քաղաքացիները կարող են կազմել նախաձեռնող խմբեր, որոնց կազմում ընդգրկվելով՝ կիրագործեն «Դ!եմ եմ» համակարգով սահմանված կազմակերպչական և նախաձեռնողական գործառույթներ։ Նախաձեռնող խմբերը միասին համագործակցելով՝ կկազմեն «Դ!եմ եմ» համակարգը։
3) «Դ!եմ եմ» նախաձեռնող խումբ կարելի է հիմնել՝ հավաքելով առնվազն 4 համախոհ «Դ!եմ եմ» համակարգի անդամ և միասին համագործակցելու համաձայնության գալուց հետո ընտրել խմբի անվանում, «Դ!եմ եմ» համակարգին ([email protected]) ուղարկել տվյալ խմբի անդամների բոլոր մասնակիցների միասնական «Դ!եմ եմ» ֆլեշմոբ նկար և որևէ կոնտակտային տվյալ, որով հնարավոր կլինի կապվել տվյալ խմբի հետ։ Խմբերի անունները չեն կարող կրկնվել։
4) «Դ!եմ եմ» նախաձեռող խմբի ցանկացած անդամ, մինչև խմբում անդամագրվելը, պետք է անձնամբ ծանոթ լինի և վստահի խմբի առնվազն մեկ այլ անդամի։
5) Նախաձեռնող խմբի կազմի փոփոխության դեպքում հարկավոր է նոր ֆլեշմոբ նկար ուղարկել խմբի նոր կազմով։
6) «Դ!եմ եմ» համակարգի անդամը կարող է և ցանկալի է, որ միաժամանակ անդամակցի երկու նախաձեռնող խմբի։
7) «Դ!եմ եմ» համակարգի անդամները, ովքեր միաժամանակ կանդամակցեն երկու խմբի, կհանդիսանան կապի միջոց այդ երկու խմբերի միջև։
8) Երկու նախաձեռնող խումբ կապ կհաստատեն միմյանց հետ իրենց ընդհանուր անդամի միջոցով կամ, եթե չկա այդպիսի անդամ, նրանց անդամների միջև հաստատված վստահելի կապի միջոցով։
9) «Դ!եմ եմ» համակարգի անդամները, ովքեր չեն ընդգրկվի որևէ նախաձեռնող խմբում պետք է կամ կապ հաստատեն և պայմանականորեն կցվեն որևէ նախաձեռնող խմբի, կամ հետևեն «Դ!եմ եմ» -ի պաշտոնական կայքում (dem.am) կամ ֆեյսբուքյան էջում տեղադրվող տեղեկատվությանը՝ համակարգի կողմից իրականացվող նախաձեռնությունների մասին տեղեկանալու և դրանց մասնակցելու համար։
10) Ցանկալի է, որ նախաձեռնող խմբերը շաբաթը առնվազն մեկ անգամ գումարեն նիստ՝ շաբաթվա ընթացքում եղածը վերլուծելու և հետագա քայլերը քննարկելու համար։
11) Նախաձեռնող խումբը, ստանալով «Դ!եմ եմ» թիմի նախաձեռնության նախագիծ, պետք է հնարավորինս արագ այն քննության առնի և համաձայնության գալու դեպքում կազմակերպի դրանով սհամանված գործողությունների կազմակերպումը կամ մասնակցությունը իր խմբի մասնակիցների և խմբին կցված «Դ!եմ եմ» համակարգի անդամների մասնակցությամբ։
12) «Դ!եմ եմ» նախաձեռնող խմբերը պատասխանատու են միայն իրենց կողմից իրականացված գործողությունների համար և պատասխանատու չեն մնացած նախաձեռնող խմբերի գործողությունների համար»,- ասվում է «Դեմ եմ»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ «Դեմ եմ»-ը գաղտնիքներ ունի. Թող իշխանությունները մի փոքր նյարդայնանան