18/04/2014 11:27
Առաջին անգամ հրապարակվել է Ջոխար Ցարնաևի ուղերձի լուսանկարը
Ամերիկյան ABC հեռուստաընկերության լրագրողները հրապարակել են Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի ուղերձի լուսանկարը: Բանն այն է, որ Ցարնաևն այն թողել է նավակի ներսի պատին, որտեղ թաքնվում էր ոստիկականական հետապնդումից: Մինչ օրս հայտնի չէր, թե ինչ էր գրել Ցարնաևը:
Հրապարակված լուսանկարից երևում է, որ նավակի պատերին կան փամփուշտի հետքեր: Երևում է նաև արյուն: Լուսանկարն անորակ է, սակայն հնարավորություն է տալի ընթերցել ուղերձի մի հատվածը.
«ԱՄՆ Կառավարությունը սպանում է մեր անմեղ քաղաքացիներին, բայց ձեզանից շատերն արդեն գիտեն, որ ես չեմ կարող ուղղակի հետևել դրան: Մենք՝ մուսուլմաններս, մի մարմին ենք: Սպանու՞մ եք մեզանից մեկին՝ վիրավորում եք բոլորիս»,- գրված է նավակի պատին:
Նշենք, որ այս լուսանկարի իսկությունն արդեն հաստատել են իրավապահ մարմիններում ABC-ի աղբյուրները:
Հիշեցնենք, որ Ջոխար ու Թամերլան Ցարնաևները մեղադրվում են անցյալ տարի ապրիլի 15-ին Բոսթոնի ամենամյա փառատոնի ժամանակ պայթյունների կազմակերպման մեջ: Թամերլան Ցարնաևը սպանվել է պայթյուններից օրեր անց՝ իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ, իսկ նրա կտսեր եղբորը՝ Ջոխարին, մեղադրանք է առաջադրվել 30 կետով, որոնցից 17-ում գերագույն պատիժ է սահմանված մահապատիժը: