18/04/2014 11:39
Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Քեսաբի վրա իրականացված հարձակումը
Եվրոպական խորհրդարանը Սիրիայի վերաբերյալ նոր բանաձև է ընդունել, որում իր մտահոգությունն է հայտնել երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, հատկապես Քեսաբի, և խոցելի համայքների, ովքեր հայտնվել են պատերազմի կիզակետում: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը:
Բանաձևում հատկապես դատապարտվում էր հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը:
«Վարչակարգի ուժերի և ապստամբ զինյալների, այդ թվում և «Ալ-Կաիդայի» հետ առնչություն ունեցող տարրերի միջև կռիվները 2014 թվականի մարտի վերջին ուղեկցվեցին Քեսաբի` թուրք-սիրիական սահմանին գտնվող հայկական գյուղի բնակչության մեծ մասի տարհանմանը»,-ասվում է բանաձևի մեջ:
Բանաձևում նաև նշվում է էթնիկ և կրոնական համայքների բազմազանությունը` ընգդծելով, որ այս համայքները մշտապես եղել են Սիրիայի հասարակության մի մասը, կարևոր դեր են խաղացել Սիրիայի ժողովրդականացման գործում և պետք է ներկա լինեն երկրի ապագային ու հաշտության այլ գործընթացիներին վերաբերող խորհրդակցություններին:
Եվրախորհրդարանը անհանգստացած է նաև «Ալ-Կաիդայի» հետ կապված «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման կողմից Թուրքիայի սահմանային քրիստոնեական և քրդական գյուղեր գրավելու փաստով:
Բաստիան Բելդերը («Ազատ և ժողովրդավարական Եվրոպա» կուսակցություն, Նիդերլանդներ) ընդգծել է, որ բանաձևը չի կարող ամբողջական լինել, քանի դեռ այն չի արտահայտում Քեսաբի վերաբերյալ ողջ ճշմարտությունը և Հայոց ցեղասպանությունից հետո ևս մեկ անգամ հայ բնակչության տեղահանման գործում Թուրքիայի ներգրավածությունը:
Բելդերի խոսքով` պետք է հետաքննվի նաև Թուրքիայի դերը Քեսաբի վրա կատարված հարձակումներում:
Քեսաբի վրա հարձակումը և հայերի տարհանումը դատապարտել է ևս մեկ եվրախորհրդարանական՝ բելգիացի Վերոնիկ դե Կեյսերը:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Գասպար Կարապետյանը նշել է, որ Թուրքիայի դեմ մեղմ բանաձև է ընդունվել:
«Թուրքիան մեղավոր է, քանի որ ծայրահեղականներին աջակցել է Սիրիայի սահմանային շրջանների խաղաղ բնակչությանը դուրս քշելու գործում: Հայերը շնորհակալ են սիրիացի ժողովրդին` 99 տարի առաջ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանությունից հետո ապաստան տրամադրելու համար և այս օրերին իրենց համերաշխությունն են հայտնում նրանց»,-ասել է Կարապետյանը:
Նախորդող հրապարակում՝ Քեսաբ ներխուժած գրոհայինները նահանջի ճանապարհներ են փնտրում