.jpg)
Զուբեյդա Մելիքյանի «կյանքի կանոնները». Ես մշակույթով խուլ եմ
Դպրոցի բակում երեխաները երաժշտության տակ պարում են, մարզվում ու եթե մի պահ մոռանաս, որ դա խուլերի հատուկ դպրոցն է ու լռես, կզգաս՝ չկա ոչ մի խոչընդոտ նրանց հասկանալու համար:
Զուբեյդա Մելիքյանը այս դպրոցի մանկավարժներից է, բայց շատերը նրան ճանաչում են որպես՝ Հայաստանի ժեստերի լեզվի առաջին հեռուստատեսային թարգմանիչ: Նա միանգամից ինձ նկատեց հեռվից ու, երբ մոտեցավ, առանց ավելրոդ բառերի բռնեց ձեռքս այնպես, ասես, մենք վաղուց ճանաչում ենք իրար: Ինձ առաջին պահին փոքր ինչ զարմացրեց դա, բայց հետո հասկացա, որ խուլերի աշխարհում անկեղծությունն ու ջերմությունը ամենագլխավոր բանն է, ինչ կարող են ակնկալել ու տա դիմացինիդ:
Բարձրացանք դասասենյակ, որի դուռը, տիկինի Զուբեյդայի խոսքով, գրեթե ոչ մի րոպե փակված չի մնում, քանի որ միշտ շրջապատված է իր աշակերտներով:
«Այստեղ ամեն պատ մի պատմություն է իր մեջ ամփոփում»,- ասաց նա՝ սիրով աչքի անցկացնելով սենյակը:
Ու այնքան մեծ սեր ու ջերմություն կար այդ պատերից ներս, որ մարդ ակամայից իրեն պաշտպանված է զգում այդ սենյակում:
Հարցազրույցի ընթացքում, իրոք, դուռը գրեթե փակ չէր մնում: Վերջում սենյակում բազմաթիվ երեխաներ էին հավաքվել, որոնք բաց ժպիտով ու անկեղծ աչքերով փորձում էին որսալ, թե ինչ ենք խոսում, իսկ երբ նրանց խոսքերը թարգամանեց տիկինի Զուբեյդան, հասկացա, որ իրենք էլ ունեն նույն երազանքները, մտքերը, նպատակները, ինչ բոլորը, բայց երբեմն ավելի անկեղծ՝ քան լսողության խնդիրներ չունեցողները:
Aysor.am-ը ներկայացնում է Զուբեյդա Մելիքյանի «կյանքի կանոնները»:
Գյումրիում խուլերի շենքում էինք ապրում, որտեղ իմ նման ընտանիք ունեցող երեխաներ էին ապրում, ու տարիներ պետք է անցնեին, որ հասկանայի՝ ինչքան մաքուր ու անկեղծ էր այդ աշխարհը:
Անկեղծությունը անփոխարինելի, անգնահատելի գանձ է: Ես գիտեի, թե Աստված պատժել է ինձ, որ ես մայրիկիս հետ ժեստերով եմ խոսում, փողոցում ինձ ծաղրում էին դրա համար, բայց տարիներ պետք է անցնեին, որ հասկանայի, որ իմ շրջապատի հավատարմությամբ ու հոգատարությամբ ես հավասարը չունեի, որ Աստված նվիրել է ինձ այդ աշխարհը, այդ հուզական ոլորտը, այդ էմոցիաները:
Այն միջավայրում, որտեղ մեծացել եմ, ամեն ինչ միանշանակ էր ու իր անունն ուներ:
Փոքր ժամանակ մարդիկ հարցնում էին՝ Աստված պատժել է մայրիկիդ, որ համր է, հիմա հասկանում եմ, որ ոչ թե պատժել, այլ շնորհ էր տվել նրան:
Անկեղծությունը մարդու ամենամեծ գանձն է, Աստծո տված ամենամեծ պարգևը: Ասում ես, խուլերի աշխարհ՝ հասկանում ես անկեղծություն և հակառակը:
Տարիներ էին պետք, որ բացահայտեի այս աշխարհը: Ինչպես խուլ ընտանիքների բոլոր աղջիկները, շատ կոմլեքսներ եմ ունեցել, շատ լացել եմ, շատ տառապել, Աստծուն հանդիմանել եմ, ինչու, շատ ինչուներ կային գլխումս, որոնց պատասխանը չունեի ու չէի կարողանում գտնել, հասկանալ, ով եմ ես:
Ես երկար տարիներ անց այս ամենը փորձում եմ վայելել, ափսոսում եմ, որ մի ժամանակ չէի գնահատում դա, փորձում էի փախչել դրանից:
Ես որքան շրջվում էի լռությունից, մեջքով էի դառնում նրան, նա այնքան ավելի ուժեղ էր դառնում, ավելի ուժեղ էի զգում իր աչքերը իմ հետևից:
Լռությունը ինձ համար բազմախոս է: Այն ամեն օր աստիճանաբար լցվում էր իմ մեջ ու դարձավ գործ՝ ժեստերի լեզվով երգ, հեռուստատեսությունում աշխատանք, ուսուցում:
Երբ անընդհատ խոսում են, դու լսում ես բառերը, բայց չես տեսնում այս աուրան, այդ շունչը, զգացողությունները դու չես զգում, բայց երբ որ շուրջդ լռություն է, դու այդ ամենը վայելում ես:
Միգուցե տարօրինակ թվամ ուրիշներին, բայց իմ աշխարհը սա է: Ես զգում եմ, որ ուրիշ եմ ու վայելում եմ աշխարհը:
Փորձությունները պետք են, որ մենք մեր հավատը զորացնեն ու հասկանանք, թե Աստված մեզ ինչքան է սիրում, որ նորից ապրենք:
Ես ինձ սպառված չեմ զգում, լիքը մտքեր ու ծրագրեր ունեմ, որոնք իրականացնելու համար երևի մի ևս 3-4 կյանք է ինձ պետք: Ամեն վայրկյան իմ գլխում նոր միտք ու ծրագիր է ծնվում:
Աստված ինձ անվերջանալի է սիրում, անսահման, ես զգում եմ այդ սերը ամեն ձևով և ես իրավունք չունեմ ասելու՝ ես մեծ եմ, ես չեմ կարող, դա ես չեմ որոշում:
Մարդը առաքելությունով է ծնվում, նա պետք է անի այն, ինչ պետք է անի:
Ես գիտեի, թե ես պետք է օգնեմ խուլերին, բայց երբ ծանոթանում ես խուլերի մշակույթին, հասկանում ես, որ իրենք պետք է ինձ օգնեին:
Մերը լսող աչքեր են ու խոսող ձեռքեր, մենք ուրիշ ենք:
Հրաշք է, երբ կանգնած ես դահլիճի առջև ու ձեռքի մի շարժումով բոլորի հայացքը դեպքի քեզ է ուղվում:
Դիմակ չեմ կարողանում հագնել, կեղծ դերի մեջ մտնել չեմ սիրում, դրա համար էլ ինձ գրավում է ախուլերի աշխարհը, որտեղ կարող են քեզ ասել՝ սա քեզ չի սազում, մայրդ ինչ կոպիտ էր, ինչո՞ւ մեզ սուրճ չի հյուրասիրում:
Ես մշակույթով խուլ եմ, իմ կեսը խուլ է, կեսը լսող, ժեստերի լեզուն իմ մայրենին է:
Երբ ամեն վատի մեջ տեսնում ես լավ բան ու լավի հրաշքը այնքան շատ է դառնում, որ բարձր տրամադրությամբ կարող ես քայլել ցեխերի միջով, առանց դժգոհելու, որ տաբատդ կեղտոտվեց, դու չես ծանրացնում քո կյանքը:
Այժմ մենք աշխատում ենք «Աստավաշունչը» ժեստերի լեզվով թարգմանելու վրա: Ողջ աշխարհում նման բան չկա, որ «Աստավաշունչը» խուլ երիտասարդները կարդան:
Ժեստերը թույլ չեն տալիս, որ դու կեղծես: Առանց դիմախաղի մարդ գոյություն չունի, մարդու հոգին երևում է դիմախաղով:
Անհնար է ստել, որ չերևա դիմախաղով:
Նվերներ ստանալ չեմ սիրում, ինձ համար սթրես է իմ ծննդյան օրը, ամեն անգամ կռվում եմ, որ ինձ նվեր չտան:
Իմ և Տեր Եսայի համագործակցությունից ծնվեց «Հայր մերը» ժեստերով: Սկզբում ես այն մեխանիկորեն էի արտասանում, հետո տարիներ պետք է անցնեին, որ այն զգայի իմ ողջ էությամբ: Ժեստերով աղոթքը ուրիշ ձևով ես զգում:
Երբ որ առաջին անգամ դուրս եկա դահլիճից, որտեղ ժեստերի լեզվով թարգմանում էի լուրերը, լռությունը հետևիցս գրկել էր մեջքդ ու ես ինձ ավելի ապահով էի զգում ու տեսա մարդկանց դեմքերը, բոլորի աչքերը: Ընդամենը լուրեր էի թարգմանում, բայց մարդիկ լաց էին լինում, ինձ գրկում էին ու ժամանակի ընթացքում ես սկսեցի այդ լրագրային չոր ոճի մեջ հոգի դնելով թարգմանել այդ լուրերը:
Կյանքը բումերանգն է:
Իմ կյանքի նշանաբանը Մայր Թերեզայի խոսքերն են. «Դու կարող ես լինել բարի ու ազնիվ, բայց մարդիկ քեզ կմեղադրեն կեղծավորության ու նենգ նպատակների մեջ: Միևնույն է, եղիր բարի և ազնիվ: Դու կարող ես երջանկություն ու հոգու խաղաղություն գտնել, մարդիկ կնախանձեն քեզ: Միևնույն է, եղիր երջանիկ: Այն, ինչ կկառուցես տարիների ընթացքում, ինչ-որ մեկը կքանդի մեկ օրում: Միևնույն է, կառուցիր: Եվ ի վերջո դու կհասկանաս, որ այդ ամենը տեղի է ունեցել քո և մարդկանց միջև: Այդ ամենը տեղի է ունեցել քո և Աստծո միջև…»:
Նախորդող հրապարակում՝ Էդգար Գյանջումյանի «կյանքի կանոնները». Երջանկությունը օգտակար լինելու մեջ է
Ֆորշի «կյանքի կանոնները». Եթե ժողովուրդը բողոքում է, ուրեմն ճիշտ է անում
Դավիթ Սահակյանցի «կյանքի կանոնները. Մուլտֆիլմ առաջինը ինձ համար եմ ստեղծում