.jpg)
Ազգային ժողովի ներսում քվեարկություն է, դրսում՝ բողոքի ակցիա
Այս պահին «S.O.S. Սևան» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով չընդունել Սևանա լճից հավելյալ ջրառին վերաբերող կառավարության ներկայացրած օրինագիծը, որն ԱԺ այս քառօրյայի օրակարգում է։
Ակցիայի մասնակիցները ԱԺ են եկել «Չենք հանձնի Սևանը», «Պաշտոնյաների ագահությունը կործանում է Սևանը», «Հանուն Սևանի, հանուն մեր երեխաների», «Եկեք պաշտպանենք Սևանը», «Սևանը մեր ազգային հարստությունն է» գրությամբ պաստառներով։
«S.O.S. Սևան» նախաձեռնությանն են միացել Էկոլոգիական հասարակական դաշինքը՝ իր 50 կազմակերպություններով, Համահայկական բնապահպանական ճակատը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Բլեջան» ՀԿ-ները, Օրգուսի կենտրոնի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում Սևանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչև 240 միլիոն խմ-ի 5 տարի ժամկետով։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը նշեց, որ ակցիային մասնակցում են հիմնականում մարդիկ, ովքեր հարցը բարձրացրել են: «Այս հարցը բարձրացրել ենք մենք՝ փորձագետներես, ովքեր մտահոգված ենք Սևանի ճակատագրով: Կսպասենք այնքան, մինչև իմանանք, թե ինչ որոշում է ԱԺ-ի ներսում կայացվել: Մեր այսօրվա ակցիան անցկացնում ենք հանուն մեր ապագայի։ Սևանը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար և մենք հիմնավոր ապացույցներ ենք բերել, որ չի կարելի հինգ տարով այդքան ջուր բաց թողնել լճից ու այդ կերպ ձկնաբուծությունը զարգացնել»,- ասաց նա:
Ու թեև բնապահպաններն իրենց բողոքի ձայնն են այսօր բարձրացնում, բայց Սիլա Ադամյանը մտահոգություն հայտնեց, որ ամեն դեպքում այսօր այդ որոշումը միանշանակ կընդունվի: «Մենք համոզված ենք, որ կընդունվի, բայց մենք էլ մեր կողմից հնարավորինն ու անհնարինն ենք անելու, որպեսզի գոնե ճանապարհի կեսից կասեցնենք այդ գործընթացը: ԳԱԱ-ում այս հարցը մեր գիտնականները բարձրացրեցին, բայց ՀՀ նախագահի վրդովված ելույթից հետո մեզ համար պարզ դարձավ, որ ոչ մի բան թերևս այսօր չի նպաստի այդ օրենքի կասեցմանը»,- նշեց Ադամյանը:
Ս. Ադամյանի խոսքով՝ ջուրը բաց թողնելու հետևանքով Սևանա լիճը կճահճանա, բացի այդ՝ ձկնաբուծության զարգացման հետևանքով ջրի էկոլոգիան կփոխվի, Սևանա լճում 0,91 տոկոս գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ կհայտնվեն, որը կճահճացնի Սևանը:
«Բնակչությունն այժմ իրազեկված չէ լրացուցիչ ջրառի հնարավոր հետևանքների մասին։ Մենք պետք է մտածենք նաև այլընտրանքի մասին»,- հավելեց նա:
Նշենք նաև, որ կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատված է Սևանա լճում իշխանի պաշարների վերկանգնման ու ձկնաբուծության զարգացման ծրագիրը, համաձայն որի՝ Սևանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50,000 տոննա ձուկ։ Բնապահպանները պահանջում են նաև չեղյալ հայտարարել կառավարության այդ որոշումը։