Անգամ Ավետարանը ձեռքին` որևէ մեկը չի կարող չենթարկվել ռեժիմին. Ա. Մանուկյան
29/04/2014 18:05

Անգամ Ավետարանը ձեռքին` որևէ մեկը չի կարող չենթարկվել ռեժիմին. Ա. Մանուկյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ՀԱԿ խմբակցությունը նամակ է ստացել, որով խմբակցությունը հրավիրվում է մասնակցել «կուտակայինի» մասով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` տեղեկացնելով, որ վարչապետի նամակին արդեն պատասխանել են մերժումով:

Պարզաբանելով մերժման պատճառները` Ա. Մանուկյանն ասաց. «Մենք դեմ ենք այս առաջարկին և գրավոր պատասխանել ենք, քանի որ «կուտակայինի» հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է ու շատ կոնկրետ: Այդ հարցում մենք մնում ենք մեր տեսակետին և նաև այդ առումով է, որ որևէ հանձնաժողովի աշխատանքի մասնակցելու իմաստ չենք տեսնում»:

Կառավարության ձևավորումն էլ ցույց է տալիս, շարունակեց խոսքը ՀԱԿ պատգամավորը, որ որևէ բան չի փոխվել և վարչապետի փոփոխությունով որևէ խնդիր չի լուծվում.

«Նշանակվում են կոռումպացված, վարկաբեկված մարդիկ, ինչը ցույց է տալիս, որ որևէ կառավարություն չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի գծած շրջանագծից` «կուտակայինի» պարտադիր լինելուց ու Տիգրան Սարգսյանին որևէ կերպ չկպնելուց: Այս միջավայրն ու պայմաններն են ստիպում աշխատել կառավարությանն ու վարչապետին, որը թելադրում է ռեժիմը, և որևէ մեկը, անգամ Ավետարանը ձեռքին մտնելով կառավարություն, չի կարող չանել դա. իշխանությունն ի վիճակի չէ և չի կարող անել որևէ բարեփոխում, այնպես որ մենք բացառում ենք որևէ համագործակցություն այս իշխանությունների հետ»:
 

Անգամ Ավետարանը ձեռքին` որևէ մեկը չի կարող չենթարկվել ռեժիմին. Ա. Մանուկյան