.jpg)
Վարորդն արդարացվել է՝ պոռնկությանը նպաստելու գործով. Նա աշխատավարձ է ստացել
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով մեղադրվող տաքսու վարորդ Դավիթ Մաչկալյանին:
Դ. Մաչկալյանի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:
Նախաքննության մարմնի կողմից 41-ամյա Դավիթ Մաչկալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2009թ. հունիս ամսից մինչև 2012թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում մարմանավաճառ Է. Մ.-ին յուրաքնաչյուր օրվա համար 10.000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցով, այնուհետև Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Է. Մ.-ն պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1.000-2.000 ՀՀ դրամ գումար` նպաստելով Է. Մ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Դավիթ Մաչկալյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ անձնական ավտոմեքենայով զբաղվել է տաքսի ծառայությունների մատուցմամբ։ Մարմնավաճառ Է. Մ.-ին ճանաչում է 2009 թ.-ից, նա եղել է իր մշտական հաճախորդը, նրանից երբևէ հավելյալ գումարներ չի ստացել և նրան պոռնկությամբ զբաղվելուն որևէ կերպ չի նպաստել։
Վկա Է. Մ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, իսկ Դ. Մ.-ին ճանաչում է որպես տաքսու վարորդի։ 2009 թվականի հունիս ամսից մինչև 2012 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար օգտվել է Դավիթի ծառայություններից` յուրաքանչյուր օրվա համար վճարելով 10.000 դրամ։ Երբեմն սեփական նախաձեռնությամբ Դավիթին տվել է հավելյալ 1.000-2.000 դրամ գումար։
Վկան նշեց, որ Դավիթ Մաչկալյանն իրեն մարմնավաճառությամբ զբաղվելուն չի ներգրավել և չի նպաստել` ավտոմեքենա, բնակարան կամ այլ կացարան չի տրամադրել, իր «գործունեությունից» օգուտ չի ստացել։
Դատարանի իրավական վերլուծությունները.
Գործով չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից կավատություն կամ առանց միջնորդության պոռնկությամբ զբաղվելու համար ոչ պարբերաբար կացարան տրամադրելու փաստը, այսինքն` չի հիմնավորվել ամբաստանյալի կողմից գույքային օգուտ ստանալով Է. Մ.-ին պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է Է. Մ.-ից օրական 10.000 դրամ և երբեմն հավելյալ 1.000-2.000 դրամ գումարներ ստանալու հանգամանքին, ապա դատարանը գտնում է, որ ամբաստանյալն այդ գումարներն ստացել է ոչ թե որպես մարմնավաճառին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար օգուտ, այլ իր` որպես տաքսի վարորդի, կողմից մատուցած ծառայությունների համար աշխատավարձ, անկախ նրա գիտակցումից, թե որտեղ է ամեն անգամ տանում մարմնավաճառին։
Այսպիսով, դատարանը եկել է հետևության, որ ամբաստանյալի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը։
Ապրիլի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Դ. Մաչկալյանի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացնելու վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.01.2014թ. դատավճիռը:
Նախորդող հրապարակումներ՝ Սպորտի վարպետը արդարացվել է 50 տարվա հարևանուհուն ապտակելու գործով
6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է
3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով