Դեսպան. Իրանում շատ քիչ հայկական ընկերություններ են գործում
02/05/2014 14:33

Դեսպան. Իրանում շատ քիչ հայկական ընկերություններ են գործում

«Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները պետք է ընդլայնվեն»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Դեսպան Առաքելյանը, օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքի ընթացքում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Հայաստանում 3000-ից ավել իրանական ընկերություններ են գործում, իսկ Իրանում շատ քիչ հայկական ընկերություններ կան:

Գրիգոր Առաքելյանը շեշտել է, որ հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները պետք է ընդլայնվեն:

Նկատենք, որ Իրանում ՀՀ դեսպանը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Հասան Ռոհանիի՝ իշխանության գալուց հետո երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

Շարունակելով խոսքը՝ Գ. Առաքելյանը հավելել էր. «Միջազգային կառույցներում Հայաստանն Իրանի դիրքորոշմանն աջակցում է. Մենք շատ հարցերում ունենք մոտ դիրքորոշում և միմյանց հետ արդյունավետ համագործակցում ենք միջազգային կառույցներում: Հայ-իրանական կապերը հարևանների լավագույն հարաբերությունների օրինակներից մեկն է»:

Հավելենք, որ սեպտեմբերին Թեհրանում նախատեսվում է անցկացնել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը: 

Դեսպան. Իրանում շատ քիչ հայկական ընկերություններ են գործում