«Սերժ Սարգսյանը փակուղի մտցրեց Ծառուկյանին, Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին»
02/05/2014 15:54

«Սերժ Սարգսյանը փակուղի մտցրեց Ծառուկյանին, Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին»

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով` Սերժ Սարգսյանը փակուղի մտցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Հովիկ Աբրահամյանին նշանակելով` Գագիկ Ծառուկյանի առջև երկու հարց է դրված` սպասել ու տեսնել, թե ինչպես է խորտակվում Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, կամ օգնել, որ չխորտակվի»,- ասաց Ս. Սաֆարյանը` ավելացնելով, որ երկու տարբերակն էլ Սերժ Սարգսյանի համար նախընտրելի է:

Ինչ վերաբերում է Կառավարության նոր կազմին, ապա Ս. Սաֆարյանն այստեղ նույնպես փակուղի է տեսնում, որը, սակայն, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների, ինչպես նաև` «հրաշալի քառյակի» առջև է:

«ՀՀԿ-ն նախարարներ նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր համարվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը: Հիմա Քոչարյանն ունի երկու հնարավորություն` կա՛մ լռել, կա՛մ քննադատել իր սեփական կադրերին: Ինչպես էլ վարվի Ռ. Քոչարյանը, ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Եթե Ռոբերտ Քոչարյանը կարող է հրաժարվել իր կադրերից, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի մեկից ուղղակի հրաժարվել չի կարող»,- մասնրամասնեց Ս. Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է քառյակին, ապա «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարն ասաց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով Սերժ Սարգսյանը մի քայլով տապալեց նրանց եռօրյա հանրահավաքները. «Եվ հարցը լուծվեց»:

Նախորդող հրապարակում` Ս. Սաֆարյան. Նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է
 

«Սերժ Սարգսյանը փակուղի մտցրեց Ծառուկյանին, Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին»