Ս. Սաֆարյան. Նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է
02/05/2014 14:16

Ս. Սաֆարյան. Նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է

«Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձևավորած նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, նման կարծիք «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նախարարների զգալի մասը, շարունակեց խոսքը Ս. Սաֆարյանը, հարում են խոշոր գործարարների շրջանակին և այդ առումով ուշագրավ է նրանց առջև դրված խնդիրները.

«Նոր կառավարության խնդիրն է ապահովել տնտեսության աճ, վերականգնել հասարակության վստահությունը և վարել արտաքին քաղաքականություն. Սա նշանակում է մի բան` փողեր բերեք Հայաստանի տնտեսության համար, շարունակեք բարեփոխումներ կատարել` հասարակության վստահությունը վերականգնելու համար»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավաստիացնելով, որ նոր կառավարությունը չի կարող այս հարցերը լուծել:

Խոսելով ԱԺ նախագահ ընտրությանը ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ` Ս. Սաֆարյանն ասաց, որ պետք չէ ԲՀԿ-ին մեղադրել որևէ հարցում:

ԲՀԿ-ն, Ս. Սաֆարյանի խոսքով, երբեք ամբողջական իշխանափոխություն չի պահանջել և Գագիկ Ծառուկյանն էլ ասել է, որ իրենք այլընտրանք են, ոչ թե` ընդդիմություն.

«ԱԺ նախագահի ընտրության հարցում պետք է նշել, որ չի կարող մի բան շարունակվել, եթե չկա միասնական օրակարգ, ընդհանուր պահանջներ»,- ասաց նա` ավելացնելով, որ կողմերը տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ են արել, որոնք տարբեր մոտեցումներ են արտացոլել:

Ինչ վերաբերում է «Օրինաց երկրի»` ընդդիմության դաշտում հայտվելուն, ապա Ս. Սաֆարյանը նկատեց, որ ընդդիմադիր դաշտում ազատ տեղեր շատ կան:

«Ընդդիմություն դառնալու ցանկություն ոչ ոք այսօր չունի, ազատ տեղեր շատ կան: ՕԵԿ-ից ի՞նչ ընդդիմություն. Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել կոալիցիայից` խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար»,- եզրափակեց խոսքը Ս. Սաֆարյանը:
 

Ս. Սաֆարյան. Նոր կառավարությունն օլիգարխիայի կառավարություն է