ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ամուր են
05/05/2014 14:49

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ամուր են

«Հայաստանը շնորհակալ է Իրանին՝ ԼՂ հարցում վարած հավասարակշռված քաղաքականության համար»,-այս մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այսօր Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էդվարդ Նալբանդյանի միջև կայացած հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս:

Է. Նալբանդյանը, անդրադառնալով էներգետիկ ոլորտին առնչվող նախագծերի իրականացմանը, մասնավորապես նշել է.

«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը մեծ կարևորություն ենք տալիս և ապագայում պատրաստ ենք փոխադարձ համագործակցության: Հուսով ենք՝ տրանսպորտի, էներգետիկայի և այլ կարևոր նախագծերի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում այդ նախագծերի իրագործման ականատեսը կլինենք»:

Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որը ողջունեց Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագրի արդյունքները:

Իրանի ԱԳ նախարարն էլ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, մասնավորապես նշել է. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ամուր են՝ հիմնված խորը մշակութային կապերի վրա. Հայերն Իրանում հարգված և գործունյա փոքրամասնություն են համարվում»:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, հավելել է. «Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայունության ապահովմանը: Հուսով ենք՝ տարածաշրջանային երկրների միջև կլինի համագործակցություն, որն ուղղված կլինի տարածաշրջանը խաղաղությանն ու բարեկամությանը»:

Անդրադառնալով միջազգային կառույցներում Հայաստանի և Իրանի միջև առկա համագործակցությանը՝ Զարիֆը նշել է. «Երկու երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա. Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային և միջազգային հարթակներում ունեն մոտ դիրքորոշում. Իրանը շնորհակալ է Հայաստանին միջազգային կառույցներում ցուցաբերած աջակցության համար»:

Հիշեցնենք, որ նախատեսվում է Նալբանդյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ. այսօր երեկոյան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կփոխանցի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: 

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ամուր են