.jpg)
Շավարշ Քոչարյան. Ուորլիքի հայտարարած վեց կետերը նորություն չեն
«Ուորլիքի հայտարարած վեց կետերը նորություն չեն, նրա հայտարարության իմաստն այն է, որ կարգավորումն ապրի առաջընթաց, իսկ դրա համար բոլորին էլ ակնհայտ է, որ անհրաժեշտ է 2 պայման»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Ներկայացնելով երկու պայմանները` ԱԳ փոխնարարն ասաց, որ առաջինն այն է` կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, քանի որ առանց վստահության նման բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել:
«Երկրորդ այն է, որ բանակցային գործընթացում լիարժեք պետք է ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե’ վստահության մթնորոտի ամրապնդմանը, թե’ ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ առաջընթաց լինելու բարի ցանկությունները հավանական քիչ են դառնում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա առաջ քաշվեցին այդ վեց կետերը, Շ. Քոչարյանը կրկնեց, որ դա նոր բան չէ և միշտ օրակարգում է եղել, ընդամենը, նրա խոսքով, հիշեցում էր.
«Հիմա առաջ չի քաշվում, Մադրիդյան սկզբունքները վաղուց կան, վաղուց են հայտարարվել 3 միջազգային սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խնդիրը կարգավորվի, այն է`ուժի սպառնալաիքից հրաժարաում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»,- ասաց Շ. Քոչարյանը` ընդգծելով, որ Բաքուն երեք սկզբունքից երկուսը մերժում է` չի հրաժարվում ուժի սպառնալիքից և, ըստ էության, մերժում է ժողովրդի ինքնորոշումը, ու շեշտադրում միայն մեկ սկզբունքի վրա` այն էլ աղավաղված:
Ի դեպ, Շ. Քոչարյանը հրաժարվեց մեկնաբանել Ուորլիքի այն հայտարարությունը, թե «գրավյալ» տարածքները պետք է հետ վերադարձվեն. «Ես այսքան մանրամասն պատասխանել եմ, խնդրում եմ այսքանը բավարար է»:
Նախորդող հրապարակումներ՝ Ուորլիքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին
Ս. Օհանյան. Անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հաջողություններ ունենալ