Մամիկոն Խոջոյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում
15/05/2014 15:56

Մամիկոն Խոջոյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում

Ադրբեջանական գերությունից սարսափելի խոշտանգումներով մարտի 4-ին Հայաստան վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ չկան: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի որդին՝ Հայկազ Խոջոյանը՝ ընդգծելով, որ սրան զուգահեռ իրենց ընտանիքը չափազանց ծանր սոցիալական վիճակում է.

«Այս ընթացքում մեզ գումարով օգնող չի եղել: Միակ ֆինանսական եկամուտը հորս թոշակն ա ու մեկ էլ ախպերս արտերկրում ա՝ մի քիչ գումար ա ուղարկում, բայց այդ ամբողջը հազիվ հորս դեղերին ա հերիքում: Իսկ իրեն հատուկ խնամք ա պետք»,- ասաց Հայկազ Խոջոյանը՝ ավելացնելով, որ ինքն էլ չի կարող աշխատել, քանի որ հենց տանից թեկուզ կարճ ժամանակով դուրս է գալիս՝ հայրը անհանգստանում է.

«Ինքը մենակ ինձ ա ճանաչում, հենց կողքից գնում եմ՝ սկսում ա ինձ փնտրել, անհանգստանում ա: Դրա համար էլ միակ բանը, որ կարում եմ անեմ, հավ պահելն ա ու մեկ էլ մեր բակի մի պուճուր այգին: Բայց այսպես էլ չի կարա մնա: Ես պետք ա մի ինչ-որ միջոց ունենամ, որ իրան պահեմ, չէ՞»,- ասաց Հայկազ Խոջոյանը: 

Նշենք, որ վերջին ամսվա ընթացքում Տավուշի մարզի Առողջապահության նախարարության բուժվարչության միջնորդությամբ Մամիկոն Խոջոյանին պարբերաբար այցելում են բժշկական բրիգադներ:

Հիշեցնենք, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Այս տարվա հունվարի 28-ին նա պատահաբար հայտնվել է ադրբեջանական կողմում, որտեղ ենթարկվել է խոշտանգումների ու Հայաստան վերադարձվել մարտի 4-ին:

Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանում խոշտանգված Մամիկոն Խոջոյանի վերքերը չեն լավանում (Տեսանյութ)
 

Մամիկոն Խոջոյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում