Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
16/05/2014 15:57

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի դիվանագետի՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանն ուղղված գործունեությանը: 

Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Նորվեգիայի դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի հայ-նորվեգական հարաբերություններն ակտիվացնելու և խորացնելու ուղղությամբ:

Դեսպանի խնդրանքով վարչապետն անդրադարձել է ՀՀ նորանշանակ կառավարության գործունեության ծրագրին, ներկայացրել ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագիրը լինելու է իրատեսական՝ երկրի տնտեսական զարգացման հստակ առաջնահերթություններով: Քայլեր են ձեռնարկվելու Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հավասար պայմաններ ստեղծելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը, ընդգծելով երկկողմ տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը, կարևորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը: Հայաստանի վարչապետը Նորվեգիայի վարչապետին է փոխանցել մեր երկիր այցելելու հրավերը և նպատակահարմար համարել այցի շրջանակում հայ-նորվեգական գործարար համաժողովի անցկացումը:

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված հումանիտար կապերը: Պարոն Նամտվեդտը նշել է, որ Նորվեգիայում առկա փոքրաթիվ հայկական համայնքը վայելում է նորվեգացիների հարգանքը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել 1988 թ. ի վեր Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերված մարդասիրական, տեխնիկական և ֆինանսական օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: 

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին