ԻԻՀ դեսպան. Միջնորդության ճանապարհով հնարավոր է օգնել ԼՂ խնդրի կարգավորմանը
17/05/2014 13:09

ԻԻՀ դեսպան. Միջնորդության ճանապարհով հնարավոր է օգնել ԼՂ խնդրի կարգավորմանը

Միջնորդության ճանապարհով հնարավոր է օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:

Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում Իրանի որդեգրած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է.

«Տարածաշրջանում Իրանի ունեցած քաղաքական կշիռը, ինչպես նաև` Չմիավորման շարժում կազմակերպությունում Թեհրանի նախագահության ընձեռած հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության պահպանման և ղարաբաղյան պատերազմի վերսկսումը կանխելու գործում կարող են ազդեցիկ դեր ունենալ»:

Շարունակելով խոսքը՝ դեսպան Փաքայինը հավելել է. «Իմ կարծիքով ծանրակշիռ նախագիծ և ճանապարհային քարտեզ մշակելու դեպքում, ինչպես հակամարտության մեջ ներգրավված կողմերին հնարավոր է միջնորդության ճանապարհով օգնել հակամարտության կարգավորման գործում»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամի Ալիևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես նշել էր. «Մենք պետք է մեր ողջ ջանքերը գործադրենք, որպեսզի տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, լուծվեն արդարության և միջազգային նորմերի շրջանակներում: Տարածաշրջանում սահմանների աշխարհագրական փոփոխությունը մեր կարծիքով ընդունելի չէ, հետևաբար մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի առկա տարաձայնությունները ստանան խաղաղ և քաղաքական լուծում»: 

ԻԻՀ դեսպան. Միջնորդության ճանապարհով հնարավոր է օգնել ԼՂ խնդրի կարգավորմանը