Ս. Օհանյանը համանախագահներին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը
17/05/2014 14:20

Ս. Օհանյանը համանախագահներին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նախօրեին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Ժակ Ֆորին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձևաչափով փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: Այս մասին  հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաև լարվածության թուլացման և փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:

Կարևորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրել է, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:

Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրել է Պիեռ Անդիոյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: 

Ս. Օհանյանը համանախագահներին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը