.jpg)
Արա Բուդաղյան. Ինքնաբացարկ եմ հայտնել, որ օգնեմ ընկերոջս
Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Տեղեկությունն Aysor.am-ին հաստատեց Գորիսի թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Նա նշեց, որ մոտ 30 րոպե առաջ Ա. Բուդաղյանն ինքնաբացարկ է ներկայացրել:
«Ժամը 3-ին հանձնաժողովը նիստ կգումարի և դիմումն ուժի մեջ ճանաչենք»,- ասաց Ա. Ստեփանյանը:
Aysor.am-ի հետ զրույցում, մենկաբանելով ինքնաբացարկը, Արա Բուդաղյանն ասաց, որ հրաժարվել է ընտրություններին մասնակցել, քանի որ ցանկանում է օգնել իր մտերիմ ընկերոջը՝ Տիգրան Կարապետյանին, ով նույնպես քաղաքապետի թեկնածու է:
Ա. Բուդաղյանը կտրականապես հերքեց շրջանառվող այն լուրերը, թե իր ինքնաբացարկը կապված է ինչ-ինչ ճնշումների հետ:
Նշենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրությունները հունիսի 8-ին են, իսկ վաղվանից սկսվում է նախընտրական քարոզարշավը:
Ընտրություններում թեկնածուներն են արդեն ինքնաբացարկ հայտնած Արա Բուդաղյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի և վիրավորված Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, ով Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը և Վաչագան Ադունցը: