Գեղաշեն համայնքում հայտնաբերվել է  բրուցելոզով վարակված 17 մարդ
20/05/2014 12:23

Գեղաշեն համայնքում հայտնաբերվել է բրուցելոզով վարակված 17 մարդ

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում հայտնաբերվել է բրուցելոզով վարակված 17 անձ: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը:

Նա նաև նշեց, որ հետազոտություն է անցկացվել բրուցելոզով հիվանդ կենդանիներ ունեցողների և կաթնեղենի հետ շփվող 464 անձանց շրջանում, կատարվել է նաև լաբորատոր շճաբանական հետազոտություն: Բնակչությանը տրամադրվել է ախտահանիչ նյութեր` տարածքը ախտահարելու համար:

Բոլոր հիվանդները դուրս են գրվել, տանն են և գտնվում են համայնքային ընտանեկան բժշկի հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է արդեն իսկ վարակված մսեղենին. Կարելի է այն օգտագործել, թե ոչ. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Aysor.am-ին պատասխանեց, որ օգտագործել այն սնունդում չէ կարելի, իսկ եթե ինչ ինչ պատճառներով արդեն իսկ հասել է բնակչությանը, ապա պետք է պատշաճ թերմիկ մշակման ենթարկել, այն է լավ եփել, մինչ վարդագույն մասերի վերացումը` հետո օգտագործել:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում խոշոր եղջերավոր կենդանիերի շրջանում արձանագրվում են բրուցելոզի դեպքեր, արդեն հարկադիր սպանդի է ենթարկվել 48 կենդանի: Համայնքում հսկողություն է սահմանված:

Նախորդող հրապարակում` Գեղաշենում հարկադիր սպանդի է ենթարկվել 48 խոշոր եղջերավոր կենդանի

Գեղաշեն համայնքում հայտնաբերվել է բրուցելոզով վարակված 17 մարդ