ՄԱԿ-ի կառույցները չեն կարող հրահանգ իջեցնել. ԿԳՆ հերքում է
21/05/2014 13:22

ՄԱԿ-ի կառույցները չեն կարող հրահանգ իջեցնել. ԿԳՆ հերքում է

Հայ եկեղեցու պատմություն պարտադիր առարական վերացնելու մասին առաջինը ահազանգել է Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով հայտարարել էր, թե ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի կողմից ոլորտի համապատասխան կառույցներին հանձնարարականներ է իջեցվել, որպեսզի այդ առարկան դպրոցական ծրագրից հանվի: Արդեն մի քանի օր է, ինչ այս լուրը անհանգստություն է առաջացրել հանրության լայն շրջաններում:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԳ նախարարությունից այս տեղեկությունը հերքեցին: «ՄԱԿ-ի համապատասխան կառույցները չեն կարող հրահանգ իջեցնել: ՄԱԿ-ը կարող է միայն ծրագրեր առաջարկել»,- ասաց ԿԳՆ մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը:

Նրա խոսքով՝ երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանել է, որ Կառավարությունը, ի դեմս կրթության և գիտության նախարարության, բարձր է գնահատում իր բոլոր միջազգային, արտասահմանյան գործընկերների աջակցությունը, որ իրենք ցուցաբերում են Հայաստանի կրթական համակարգին. «Սակայն կրթական քաղաքականությունը որորշում ենք մենք»,- նախարարի խոսքերը մեջբերեց Ա. Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ Հայ եկեղեցու պատմությունը կարևոր առարկա է, որը շարունակվելու է դասավանդվել դպրոցներում:

«ԿԳ նախարարը հստակ նշել է, որ այդ զեկույցները նախ և առաջ պարտադիր կատարման ենթակա չեն: Եվ երկրորդը՝ որ մենք եկեղեցու հետ միասին անում ենք ամեն ինչ, որպեսզի դպրոցներում այս ծրագիրը շարունակվի: Այս գործընթացն անկասելի է, որը բացարձակ կապ չունի խղճի ազատության դրսևորումների հետ և բացառապես կապված է հայրենի երկրի պատմության ինքնաճանաչության հետ, որտեղ երկրի առաքելությունը ամրագրված է Սահմանադրությամբ: Եթե ինչ-որ մարդկանց մոդայիկ է թվում խոսել հակառակը, և եթե ինչ-որ մարդկանց առաջադեմ է թվում եկեղեցուն հակառակվելը, հակադրվելը մեր պատմությանն ու նրա շահերին, ինչպես նաև այն ամենին, ինչ որ արել են իրենց հայերը, պապերը… դա էլ թողնում եմ իրենց խղճի վրա: Այդ կեղծ լիբերալ մոդայիկ և գրանտային տենդենցները շատ քիչ են: Փառք Տիրոջը, որովհետև ես տեսնում եմ ամեն տարի ինչքան մեծ քանակությամբ երիտասարդներ են գնում եկեղեցի»,- հայտարարել է ԿԳ նախարարը:

Նախորդող հրապարակում՝ ՄԱԿ-ը փորձում է դպրոցական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան