Կառավարության ծրագրից ինչ-որ ծրագրի հոտ է գալիս. Հրանտ Բագրատյան
21/05/2014 15:27

Կառավարության ծրագրից ինչ-որ ծրագրի հոտ է գալիս. Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ այս վեց տարիների ընթացքում ներկայացված առաջին ծրագիրն է, որտեղ խոսվում է ավելացված արժեքի մասին:

«Առաջին անգամն է, որ ես անկեղծորեն ասում եմ՝ Կառավարության ծրագրից ինչ-որ ծրագրի հոտ է գալիս: Նախորդ կառավարության հետ մենք 6 տարի կորցրել ենք, ով այդպես էլ չհասկացավ, որ մենք կորցրել ենք վերականգնողական աճի հնարավորությունները: Նախորդ կառավարությունը խրախուսում էր միայն առաջարկը, այն դեպքում, երբ պետք է խրախուսվեր պահանջարկը: Եվ որպես թիրախավորում օգտագործում էր միջնաժամկետ, կարճաժամկետ և այլ բառակապակցություններ: Այդ կառավարության ծրագրերի մեջ նյութ ես չեմ տեսել: Ես միշտ առաջարկել եմ քայլեր, որոնցից 5-ը կիրառելու դեպքում իդեալական արդյունք կգրանցենք: Ողջունում եմ Կառավարության ծրագրում ավելացված արժեքի մասով առաջ բերված կետերը»,- նշեց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինքն ինչպես կքվեարկի, այս կառավարության ծրագրում նրան դուր է գալիս այն, որ առաջին անգամ հնչեց, որ սահմանին ԱԱՀ-ի գանձումը հանվելու է:

«Սա եղել է 97 թվականից և նշանակում է, որ մենք դրանով իսկ վարկավորում ենք մեր պետությանը: Եթե սա կազմակերպվի շնորհքով և կարողանաք դա իրականացնել, սա շատ ողջունելի է: Սա մեծապես խրախուսելու է տնտեսության զարգացմանը»,- ասաց նա:

Կառավարության ծրագրի վերաբերյալ Բագրատյանի հաջորդ դիտարկումները վերաբերում էին զբոսաշրջությանն ու Համահայկական հիմնադրամին:

Հ. Բագրատյանը գտնում է, որ ճիշտ մեխանիզմներ կիրառելու դեպքում, կառավարության այս ծրագրով հնարավոր կլինի տնտեսական աճ ապահովել: Օրինակ՝ նա առաջարկեց, որ կարտոֆիլ արտադրող գյուղում ստեղծվեն օսլա արտադրող կոոպերատիվներ:

«Ես հուսով եմ, որ փոխհատուցման կոոպերացիայի միջոցով գյուղացիներին կսովորեցնենք աշխատել ավելացված արժեքով: Գյուղացիության ապահովագրությունը նույնպես խթանիչ ուժ կհանդիսանա: Այս դեպքում կարկտահարությունից հետո մտահոգություններ չենք ունենա, թե ում ինչպես փոխհատուցենք: Պետք է սուբսիդավորենք գյուղմթերքը, որը կամաց-կամաց պետք է դառնա հիմնական գործառույթ: Ի վերջո՝ հայրենիք ասելով չենք հասկանում Հյուսիսային պողոտա, հասկանում ենք գյուղ: Մենք պետք է աջակցենք գյուղացուն»,- նշեց Բագրատյանը:

Ինչ վերաբերվում է թերություններին՝ ապա ծրագրում դրանք նույնպես առկա են: Ըստ նրա՝ ծրագրում լուծված չէ հարկերի, վարկերի, միկրո ու մակրո բիզնեսի խնդիրը: Չկան դրույթներ, որոնք առնչվում են նաև փոքր բիզնեսին: Բագրատյանն այս առումով առաջարկում է առաջնորդվել պարզեցված հարկերի քաղաքականությամբ:

Բագրատյանն իր խոսքում ընդգծեց նաև, որ պարտադիր կուտակային ծրագրի մասով ևս պետք է վերջնական որոշում կայացվի:

«Անըդնհատ բացերի մասին ենք խոսում: Պարոն վարչապետ, կուտակայինի մասով ի՞նչ եք անելու: Լավ կլիներ, որ այս ծրագիրը նույնպես քննարկեինք ու վերջնական որոշում կայացնեինք: Ստացվում է , որ մեկը քարը գցել է փոսը ու մենք չենք կարողանում հանել»,- ասաց նա:

Նախորդող հրապարակում՝ Փաշինյան. Ձևն ասեք, թող գյուղացիներն էլ, հող մշակելով, միլիոնատեր դառնան

Կառավարության ծրագրից ինչ-որ ծրագրի հոտ է գալիս. Հրանտ Բագրատյան