.jpg)
Մինսկի խումբը ԼՂՀ-ն դիտարկում է որպես երեք միավոր. Քաղաքագետ
«Ջեյմս Ուորլիքի առաջարկներին միանգամից դրական արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, իսկ հայկական կողմերը հայտնեցին իրենց զուսպ անհամաձայնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումներին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Մինսկի խումբը այժմ ԼՂՀ-ն դիտարկում է ոչ թե որպես մեկ միավոր, այլ որպես երեք միավորում.
«Մինսկի խմբի համանախագահները վերջին իրենց տարածաշրջանայից այցից հետո հայտարարեցին, որ իրենք այցելեցին Արցախ, Լաչին և Քարվաճառ: Արցախը հստակ իր դիրքորոշումը հայտնեց Մինսկի խմբի այս դիրքորոշմանը՝ նշելով, որ տարածքային զիջումներ Արցախի կողմից չի լինելու»,- հիշեցրեց քաղաքագետը:
Հ.Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ջեյմս Ուորլիքի փորձարարությունները և հայտարարությունները ավելի բարդացրեցին ղարաբաղյան բանակցային գործընթացը, և այժմ իրավիճակը ավելի խճճված է, քան կազանյան հանդիպումից հետո:
«Մինսկի խմբի համանախագահողների տարբեր դիրքորոշումները պայմանավորված են Արևմուտք-Ռուսաստան հակամարտությամբ՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ»,- բացատրեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը ցանկանում է խաղաղապահ զորքեր ներգրավել տարածաշրջանում՝ Արցախում, և Ուորլիքի հայտարարությունը միտված էր այդ գործընթացը արագացնելու:
«Մինսկի խմբի երկրները տարբեր տեսակի ճնշումներ են գործադրելու ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա՝ իրենց շահերից ելնելով»,- նշեց Հ.Մելիք-Շահնազարյանը: