.jpg)
ԱԺ-ում ՀՀԿ-ի համար ստեղծվել է փխրուն վիճակ. Արմեն Ռուստամյան
Խորհրդարանական մեծամասնության համար ստեղծվել է շատ փխրուն վիճակ. Պահանջում է զգոն լինել, քանի որ ամեն մի պատգամավորի բացակայությունը կարող է խնդիր դառնալ խմբակցության համար: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Կառավարության ծրագրի այս կերպ ընդունումը փաստում է, որ չի կարելի հաջողության լավ ցուցանիշ համարվել, քանի որ մեծամասնությունը հազիվ հաղթահարեց ձայների մեծամասնություն ապահովումը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը՝ նկատելով, որ կան հրապարակումներ, ըստ որոնց, քվեարկության ժամանակ ուրիշների փոխարեն քվեարկելու դեպքեր են եղել:
Քառյակի որոշումը՝ չմասնակցել քվեարկությանը, Ա. Ռուստամյանի խոսքով, ստիպում է մոբիլիզացնել իրենց ուժերը:
«Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք մի որոշում, եթե այդ որոշումը չկա, ամեն մեկը քվեարկում է ինչպես ուզում է: Ես չեմ տեսնում քառյակի մեջ մի ուժ, որի անկեղծ նպատակն այս երկիրն այս վիճակից դուրս բերելը չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թեև քառյակի շրջանակում տարաձայնություններ լինում են, սակայն իրենք փորձում են իրենց մեջ հարթել և չհանրայնացնել:
Ամփոփելով խոսքը՝ Ա. Ռուստամյանն ասաց, որ ճանաչելով գործող վարչապետին ու կառավարության որոշ անդամներին, հույսի նշույլ ունի՝ փոփոխություններ կլինեն.
«Գնահատելով այն, որ այդ մարդիկ իրենց կենսագրության տերն են, ոչ ոք չի ուզենա, որ իր կենսագրության վրա բիծ ընկնի, հույս ունեմ, որ քիչ կգրեն, շատ կանեն»: