27/05/2014 18:35
Փաստաբան. Արշավիր Խալափյանի դեմ քրգործ է հարուցվել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր տեղեկացել եմ, որ Սյունիքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել փաստաբան Արշավիր Խալափյանի կողմից իբր առևտրային կաշառք ստանալու առթիվ: Եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա գտնում եմ, որ փաստաբանական համայնքը չի կարող լուռ մնալ և պետք է ամենինչ անի Արշավիրին օգնելու և սատարելու համար: Հույսով եմ, որ պալատը ևս համարժեք քայլեր կձեռնարկի»:
Ա. Խալափյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռևս որևէ պաշտոնական ծանուցագիր չի ստացել, սակայն նման խոսակցություններ լսել է:
«Եթե դա այդպես է, ուրեմն իմ դեմ մեծամասշտաբ դավադրություն է իրականացվում, որը կապված է իմ մասնագիտական գործունեության հետ»,-ասաց նա:
Հարցին՝ ում է ձեռնտու իր դեմ քրեական գործի հարուցումը, փաստաբանը պատասխանեց. «Ես իմ մասնագիտական գործունեությամբ շատերին եմ այսպես ասած՝ խանգարել և սա հաշվեհարդար է իմ նկատմամբ, ուզում են ինձ լռեցնել և հասնել նրան, որ ես դատապարտվեմ, սակայն ես չեմ լռելու և ձեռքերս ծալած չեմ նստելու»,-ասաց նա:
Ա. Խալափյանը ակնհայտ ընկճված էր խոսում: Հարցին՝ արդյոք իր համար անսպասելի էր այս լուրը, նա պատասխանեց. «Այո, անսպասելի էր, ես չէի ակնկալում նման բան: Իհարկե, ես չեմ ասում, որ հրեշտակ չեմ, սակայն այն, ինչում ինձ մեղադրում են, ինձ հետ կապ չունի»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Ձայնագրությունը ապօրինի է և մոնտաժված