15/05/2014 11:48
Փաստաբանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ (Տեսանյութ)
Youtube-ում «Hayastan Patriot» օգտատիրոջ կողմից ձայնագրություն և տեսագրություն է տարածվել՝ «Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» գրությամբ:
Ձայնագրությունում, որում կան նաև տեսագրություններ, լսվում է երկու անձի խոսակցություն: Ըստ տեսանյութը տարածողի՝ դա Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի և Աշոտ անունով անձի խոսակցությունն է:
Ըստ տեսանյութի՝ վարչական վարույթը կասեցնելու համար փաստաբանը գումար է պահանջում:
«Վարչական վարույթը հարուցված ա հարցումների հիման վրա, եթե հարցումները չլինեն, վարչական վարույթ չի լինի և դրանից բխող շարունակությունը չի լինի: Եթե մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, ես լրացուցիչ դիմում եմ գրում ու ասում եմ` իմ հարցումներին ընթացք մի տվեք: Այսինքն` շահագրգիռ կողմը ես եմ, մեկ էլ մյուսները, որոնք չեն երևում…նրանք ընդհանրապես չեն երևալու»,-ասում է փաստաբանը:
Սրան ի պատասխան՝ Աշոտ Կույումջյանը ասում է, որ ինչ երաշխիքներ ունի, որ նորից իր դեմ չեն բողոքի փողը վերցնելուց հետո: «Հո ես քեզ ստորագրությամբ փող չեմ տալու»,-ասում է Աշոտը:
Փաստաբանը, ի պատասխան, ասում է, որ «պայմանավորվածությունը կայանալու պարագայում ես գործին ընթացք չեմ տալիս»:
Փաստաբան Արշավիր Խալափյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, ապա նրա հեռախոսը անհասանելի դարձավ, իսկ ՓՊ լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին խոստացան ավելի ուշ տեղեկատվություն տրամադրել այս ձայնագրության վերաբերյալ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: