Կարեն Փոլադյան. Վարդան Պետրոսյանի գործով թագմանիչները նախազգուշացվել են
27/05/2014 15:12

Կարեն Փոլադյան. Վարդան Պետրոսյանի գործով թագմանիչները նախազգուշացվել են

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ժամանակ կատարված անորակ թարգմանության համար խիստ նախազգուշացում է տրվել: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` 2013 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը` ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցին:

Խ. Հարությանը, մասնավորապես, ասել էր, որ «շատ խորթափանց պետք չէր լինել՝ հասկանալու համար, որ թարգմանիչը բացարձակապես չէր տիրապետում մասնագիտական բառապաշարին և արդյոք հնարավոր չէ՞ր թարգմանությունների ծառայության համար Դատական դեպարտամենտին հատկացված 15 մլն դրամն օգտագործել դատական գործընթացի արդյունավետությունը երաշխավորող թարգմանիչների կողմից, ի՞նչ սկզբունքով ենք նրանց ընտրում:

Ի պատասխան՝ Կ. Փոլադյանն ասաց, որ յուրաքանչյուր տարվա սկզբին հայտարարվում է ծառայությունների մատուցման մրցույթ, ինչը կատարվել է նաև 2014 թ. և հաղթել է «Վի գրուպ» ընկերությունը:

Անդրադառնալով Վ. Պետրոսյանի գործով դատավարության ժամանակ թարգմանությանը, նա ասաց, որ այդ կապակցությամբ դատավորը համապատասխան գրություն է ուղարկել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին:

«Եղել է տեխնիկական խնդիր: Թարգմանիչը տիրապետել է գրավոր տեքստի թարգմանությանը, սակայն բանավոր խոսքի հետ որոշ բարդություններ են եղել»,-ասաց Կ. Փոլադյանը:

Խ. Հարությունյանը ասաց, որ նախազգուշացում տալը բավարար չէ, քանի որ կարող են այդպես 15 մլն ծախսել, իսկ նա միայն հաճույք կստանա:

Հիշեցնենք, որ դատական նիստը ընդհատվել էր այն պատճառով, որ Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոզանի խոսքի հայերեն թարգմանությունը կատարվել էր ոչ պատշաճ կերպով:

 

 

Կարեն Փոլադյան. Վարդան Պետրոսյանի գործով թագմանիչները նախազգուշացվել են