Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու բոլոր միջազգային փառատոններին
27/05/2014 18:46

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու բոլոր միջազգային փառատոններին

Տարածաշրջանային հայկական հանձնաժողովները, որոնք ստեղծվել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, բազմակառույց ու բազմաշերտ են: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ բոլոր կառույցները ցուցաբերում են սկզբունքային մոտեցումներ և համակարգում են հայակական Սփյուռքի աշխատանքները այլ երկրներում:

«Այդ կառույցների ջանքերով 2015 թվականին մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն տարբեր երկրների հայկական բոլոր եկեղեցիներում: Պետական հանձնաժողովի ու խորհրդի դերը մենք տեսնում ենք տարածաշրջանային հանձնախմբերին աջակցելու գործի մեջ: Այդ կառույցներն անշուշտ ավելի լավ են տիրապետում տեղական գործունեության ու տեղական լսարանի յուրահատկություններին: Եվ նրանց կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին մենք պետք է աջակցենք, ոչ թե փոխարինենք: Այդ կառույցները շատ տպավորիչ միջոցառումներ են նախապատրաստել, որոնք այսօր քննարկվում են»,- շարունակեց Վ. Սարգսյանը՝ ընդգծելով, որ ամենախոշոր ու ամենահայտնի հարթակներում 2015 թվականին կկազմակերպվեն տարբեր ֆորմատներով միջոցառումներ:

«Տարբեր քաղաքների հայկական Մայր տաճարներում, լավագույն ցուցասրահներում կկազմակերպվեն ոգեկոչման ու Հայոց ցեղապանության զոհերի հիշատակը հավերժացնող ցուցադրություններ, որոնք միտված կլինեն հարգանքի, մեծարանքի ու վերապրելու գաղափարին: Դրանք կլինեն ոչ միայն ոգեկոչման, այլև վերապրելու միջոցառումներ, որոնք մեծարելու են ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև հայ մշակույթն ընդհանրապես»,- ասաց նա:

Վ. Սարգսյանն ընդգծեց նաև, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն կցուցաբերի բոլոր միջազգային ցուցադրություններին, փառատոններին, ինչպես նաև այլ մշակութային միջոցառումներին: «Հաջորդ տարի Հայաստանը մասնակցելու է նաև Երաժշտական «Մի դեմ» համաշխարհային փառատոնին, որը խոշորագույն երաժշտական իրադարձություն է: Հայաստանը հատուկ տաղավարներով կներկայանա նաև 2015 թվականին կազմակերպվելիք Վենետիկի «Բիենալիին»: Այդ փառատոնի ընթացքում կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության և ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների դեմ ուղղված ցուցադրություն, որը կլինի Հայաստանի տուրքը և ներդրումն այդ հանցագործությունների դեմ միջազգային պայքարին»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է 2015 ապրիլի 24-ի միջոցառումներին, ապա սըտ Վ. Սարգսյանի, դրանք դեռևս լրամշակման փուլում են գտնվում: «Այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասաց նա:

Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը նիստի ժամանակ տեղեկացրել է նաև, որ Հայ Առաքելական եկեղեցին որոշում է կայացրել միջոցառումների ցանկը լրացնել Հայոց ցեռղասպանության զոհերի հիշակտակը հավերժացնող Սրբադասման, ինչպես նաև մյուրոնօրհներքի արարողությամբ: «Դրանք հատուկ տեղ են ունենալու 2015 թվականի իրադարձությունների շարքում, որոնց ծիսակարգերի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասաց Վ. Սարգսյանը:
 

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենալու բոլոր միջազգային փառատոններին