«Թուրքիայում բարդագույն գործընթացներ են ընթանում. Դժվար է ասել՝ ինչ կլինի»
28/05/2014 16:36

«Թուրքիայում բարդագույն գործընթացներ են ընթանում. Դժվար է ասել՝ ինչ կլինի»

Թուրքիայում բարդագույն գործընթացներ են ընթանում և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան առաջիկայում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Ղարաբաղ Կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչպես կմեկնաբանեք Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արված հայտարարությունը, որով պաշտոնապես Թուրքիայի նախագահին հրավիրեց պատմության հետ առերեսվելու: Նրա խոսքով՝ ոչ ոք տեղյակ չէ, թե համաշխարհային քաղաքական կառույցները ինչ ճակատագիր են պատրաստել Թուրքիայի և այդ երկրում ապրող ժողովուրդների համար:

«Չի բացառվում, որ հաջորդ քաղաքական պայթյունը լինի հենց Թուրքիայում: Մենք դեռ չգիտենք, թե խոշոր խաղացողների սլաքը որտեղ կանգ կառնի: Եվ Հայաստանի համար որքան վտանգներ կան այս հարցի հետ կապված, նույնքան էլ հեռանկարներ կան: Մեզ համար կարևորագույնը Թուրքիայի հետ երկխոսություն ունենալն է՝ ոչ պետական մակարդակով, բայց որպես կանոն Հայաստանը ոչ մի ինքնուրույն քայլ չի կատարում: Հայաստանի բոլոր քայլերը թելադրված են դրսից, իսկ այդ կենտրոններն իրենց հաշվարկներն ունեն»,- մանրամասնեց Մանուչարյանը:

Ըստ նրա, այդ երկխոսությունը սկսելու համար Հայաստանը չունի ոչ միայն լծակներ, այլև նորմալ թուրքագետներ, ովքեր կկարողանան ճանապարհ հարթել այդ երկխոսության համար: «Մեր քաղաքական դաշտը Թուրքիայի հետ երկխոսությունը չի ուզում ընկալել որպես սեփական կարևորագույն գործառույթ»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա ըստ Մանուչարյանի՝ այստեղ ֆունդամենտալ փոփոխություններ են անհրաժեշտ: Նրա համոզմամբ՝ այն ինչ արել է մին օրս Հայաստանը, շատ քիչ է արդյունքի հասնելու համար:

«Հայաստանին պետք է ոչ թե նորից բղավել այն, ինչ արել է տարիներ շարունակ, որ Ամերիկան և Ռուսաստանը ճանաչեն Հայոց ցեղասպանություն, այլ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար պետք է նոր մոտեցումներ ցուցաբերել: Ճանաչել- չճանաչելը ամեն մի երկրի մոտեցումն է և Հայաստանը բղավի կամ չբղավի, նրանք այդ քայլին կգնան այնպես, ինչպես հարմար կգտնեն: Հայաստանն այս տարիների ընթացքում կորցրել է իր պատմական հայրենիքի միայն մի մասը, որի պատճառով հիմա կորցնում ենք ինքներս մեզ: Հայաստանը պետք է վերականգնի իր ամբողջականությունը, միասնականությունը, որից հետո նոր կարելի է ակնկալել աշխարհի օգնությունը: Հայաստան ասելով հասկանում ենք նաև Սփյուռքը, որի օգնությամբ մենք կարող ենք կազմակերպել այդ ամենը»,- նշեց բանախոսը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլու հայտարարություններին, թե «Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տալիս, որ կարևոր է շուտափույթ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր կատարել այդ հակամարտությունը լուծելու համար, Մանուչարյանն արձագանքեց.

«Առողջ մարդկանց խորհուրդ եմ տալիս երբեք Դավութօղլու հայտարարություններին ուշադրություն չդարձնել: Նա կարող է խոսել ամեն ինչ և նա Թուրքիայի քաղաքական կուլտուրայի բաղկացուցիչ մասն է: Ժամանակին Հայաստանը վարել է ինքնուրույն քաղաքկանություն: Այսօր պետությունները ոչնչացնում են մանր երկրները: Ժամանակակից մտածելակերպը դա Ռուսաստանի, Եվրոպայի կամ Ամերիկայի շահերը սպասրկելը չէ միայն: Ժամանակակիցը նա է, ով կարողանում է ինքահաստատվել: Արցախի հարցում, եթե մենք բնակեցմամբ զբաղվենք, ապա ամբողջ աշխարհը պարտավորություն կզգա զարգացնել այն: Եթե մենք չառաջնորդվեինք թելադրանքով, ապա առաջին գծում չէին զոհվի նաև մեր երեխաները»,-ասաց նա:
 

«Թուրքիայում բարդագույն գործընթացներ են ընթանում. Դժվար է ասել՝ ինչ կլինի»