Է. Շարմազանով. Հայաստանի և Արցախի միջև որևէ սահման չի կարող լինել
30/05/2014 16:46

Է. Շարմազանով. Հայաստանի և Արցախի միջև որևէ սահման չի կարող լինել

Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում և նրանց միջև որևէ սահման չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նկատեց, որ Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչև հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին. «Մնացել է մի քանի հարց, որոնք տեխնիկակակն ոլորտից են և վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը: Դրանց շարքում սահմանային որևէ հարց չկա: Չկա, որովհետև Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր: Մենք անդամակցում ենք Առևտրի համաշխպարհային կազմակերպությանը և անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, և Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ»,- ասաց նա ` ընդգծելով, որ Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, որը զբաղվում է այդ հարցով, և այդ կազմակերպությունները որևէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ:

ԱԺ փոխնախագահը կոչ արեց երեկվա հանդիպումից հետո «աժեոտաժ չստեղծել», քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը, նրա խոսքով, թափանցիկ է:

«Այդ աժեոտաժը ոչ ինձ, ոչ ձեզ և ոչ էլ մյուսներին, առավել ևս մեր պետականությանը օգուտ չի բերում: Եվս մեկ անգամ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է և չի արել ու չի անելու այնպիսի բան, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընդգծեց Է. Շարմազանովը:

Նախորդող հրապարակում` Աշոտյան. Որքան ՀՀ-ին է պետք ԵՏՄ-ին անդամակցումը, այնքան ԵՏՄ-ին է պետք ՀՀ-ն
 

Է. Շարմազանով. Հայաստանի և Արցախի միջև որևէ սահման չի կարող լինել