.jpg)
«Տարօրինակ է, թե ինչպես են Աստանայում տեղի ունեցածը մեկնաբանում ՀՀ-ում»
Այն ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ Աստանայում, և այն ինչ այսօր քննարվում է Երևանում, դրանք տարբեր թեմաներ են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած իրադարձություններին: Քաղաքագետի կարծիքով՝ եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հայաստանը պետք է Արցախի հետ անդամակցի ՄՄ-ը կամ որևէ այլ կառույցի, շատ սխալ է:
«Լեռնային Ղարաբաղն առանձին պետություն է: Այո, իրականում Հայաստանի ու Արցախի միջև մաքսային կետ գոյություն ունի: Այդպես եղել է ու միշտ կլինի: Հայաստանը պատրաստվում է այդ միություններին միանալ որպես Հայաստան»,- հավելեց նա՝ նկատելով, որ ԼՂՀ-ը ՄՄ կամ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հայտ չի ներկայացրել:
Անդրադառնալով Նազարբաևի հայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ այդ հայտարարությունը պետք է ընդունել ոչ թե Ղարաբաղի, այլ ընդհանուր Ղազախստանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների համատեքստում:
«Ղազախստանն էլ իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ: Այդ նամակը, որը կարդաց Նազարբաևը, նշանակում է, որ Ադրբեջանը բոլոր հրապարակներն օգտագործում է՝ ընդդեմ Հայաստանի»,- ասաց Իսկանդարյանը՝ շեշտելով, որ ըստ էության Նազարբաևը ոչինչ չի խոսել Ղարաբաղի մասին, այլ հակառակը՝ կոչ է արել Հայաստանի, որ Եվրասիական տնտեսական հանրակցություն մտնի իր ճանաչված սահմաններով:
«Երբ ընթանում էր ասոցացման համաձայնության գործընթացը, Հայաստանի և ԵՄ-ի միջև, որևէ մեկը մտածո՞ւմ էր, որ Ղարաբաղը նույնպես մտնելու կամ ներառվելու է ԵՄ ասոցացման մեջ: Իհարկե ոչ»,- ընդգծեց բանախոսը՝ շարունակելով, որ հենց այդ ժամանակ էր, որ Նազարբաևը շատ ջերմ խոսքերով շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Բելառուսը բավականին լուրջ տարաձայնություն ուներ Ռուսաստանի հետ: Ի դեպ՝ Բելառուսը նույնպես ՄՄ անդամ է: Բանն այն է, որ ՄՄ-ը Ղազախստանի ու Ռուսաստանի, Բելառուսի միջև մշտական հակասությունների տարածք է, որտեղ միշը փորձում են մշակել երկրների միջև փոխազդեցության որոշակի միջոցներ»,-ասաց նա:
Քաղաքագետի համար տարօրինակ է նաև այն, թե ինչպես են Աստանայում տեղի ունեցածը մեկնաբանում հատկապես հայաստանյան ԶԼՄ-ները:
Իսկանդարյանը դժվարացավ նաև պատասխանել այն հարցին, թե ի վերջո երբ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ը:
«Չգիտեմ, համաձայնեցման գործընթացը սկսվել է ու դեռ երկար կշարունակվի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսը նաև համաձայնեց Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղի հարցը Մաքսային Միությունում չի լուծվելու: