ԱԺ նախագահ. Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն
02/06/2014 17:28

ԱԺ նախագահ. Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն

ԼՂՀ-ն չի մտնելու Մաքսային միություն, որովհետև իրավական տեսակետից այն աշխարհի կողմից ընդունված պետություն չէ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Կոնկրետ այս դեպքում ԼՂՀ-ն Հայաստանի հետ է, և կարծում եմ, որ ավելի լավ պայմաններ են ստեղծվում` մեր հետագա խնդիրները լուծելու համար»,- ասաց ԱԺ նախագահը:

Հայաստանի համար ԼՂՀ-ն, Գ. Սահակյանի խոսքով, դիվանագիտության հիմնական թեման է, հոգևոր արժեքը, և ՀՀ-ն ԼՂՀ-ին վնասող որևէ քաղաքական գործընթացի, փոխհարաբերությունների չի մասնակցի:

«Որպես Հայաստանի մաքսային տարածք, բնականաբար, Ղարաբաղը նույն կարգավիճակով կլինի, ինչ որ այսօրվա գործառույթներն են: Այսինքն` այն պատկերը, որ Ղարաբաղում մաքսակետ կլինի և այլն, և այլն, նման խնդիրների չի կարող լինել»,- ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: Հարցին, թե իր ասածը չի նշանակո՞ւմ, որ ԼՂ-ն դե ֆակտո կմտնի Մաքսային միություն, իսկ դե յուրե` ոչ, Գ. Սահակյանը պատասխանեց. «Իհարկե: Նրա ամբողջ ապրանքաշրջանառությունը, ներդրումները, բոլորը… ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում կլինեն»:

Ինչ վերաբերում է Նազարբաևի հայտարարությանը և ՀՀ Նախագահի լռությանը, ապա Գ. Սահակյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը ճիշտ է արել, հակառակ դեպքում կնշանակեր, որ Նազարբաևի հայտարարարությունը կարևորվում է:
 

ԱԺ նախագահ. Լեռնային Ղարաբաղը չի մտնելու Մաքսային միություն