.jpg)
Կարեն Ճշմարիտյան. Ո՞ր կազմակերպություն ենք մտել Արցախի հետ միասին
«Լեռնային Ղարաբաղի ապրանքներն ազատորեն շրջանառվելու են և՛ Հայաստանում, և՛ ԱՀԿ անդամ երկրներում, և՛ ԵՄ շուկայում: Ինչո՞ւ եք հիմա անհանգստանում մի երրորդ-չորրորդ երկրի նամակի համար: Նազարբաևն ընթերցեց-ընթերցեց, դրան պետք չէ էական նշանակություն տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, ամդրադառնալով Ասատանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը և Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, նման դիրքորոշում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Շարունակելով խոսքը` նախարարն ասաց, որ պետք չէ մեծ նշանակություն տալ Ալիևի նամակին, ինչպես նաև կարծում է, որ դիվանագիտորեն ու մասնագիտորեն ճիշտ չէր «ՄԱԿ-ի սահմաններով» արտահայտությունը:
Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե Հայաստանի և Արցախի միջև հնարավոր է մաքսակետ դրվի, Կ. Ճշմարիտյանը նախ հարցրեց, թե ինչու պետք է մաքսակետ դրվի, ապա ասաց, որ նման հայտարարություն չի լսել:
Հարցին, թե հնարավո՞ր է ԵՏՄ-ին Հայաստանն անդամակցի առանց Արցախի, Կ. Ճշմարիտյանը հարց ուղղեց, թե ո՞ր կազմակերպությունն ենք մտել Արցախի հետ միասին. «Մենք ՄԱԿ-ի անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ԱՊՀ անդամ ենք Արցախի հետ միասի՞ն, ո՞ր կազմակերպության անդամն ենք միասին»,- ասաց նա` հավելելով, որ հետագայում էլ վարվելու են այնպես, ինչպես վարվել են մինչ հիմա:
Եզրափակելով խոսքը` նախարարն ընդգծեց, որ արցախյան ապրանքների սպառման առումով խնդիր չկա, քանի որ, նրա խոսքով, համագործակցությունն այնքան խորն է, որ այսօր հայաստանյան ապրանքն ու Արցախում արտադրված ապրանքը ծագման առումով բավականին մոտ են իրար ու այսքան ժամանակ որևէ խնդիր չի առաջացել: