.jpg)
Քառյակը 12 կետից բաղկացած պահանջ կներկայացնի իշխանությանը
Քառյակն ընդունել է 12 կետից բաղկացած հայտարարություն, որը, որպես հրատապ պահանջ, կներկայացվեն իշխանություններին: Ամփոփելով շուրջ երկու ժամ տևած քառյակի հանդիպումը` այս մասին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Հայտարարության տեքստը, Ռ. Հակոբյանի խոսքով, ամբողջությամբ պատրաստ է, սակայն որոշ խմբագրական աշխատանքներ կան անելու, այնուհետև կներկայացվի:
«ԱԺ առաջիկա քառօրյայի ժամանակ, համատեղ մամուլի ասուլիսում կներկայացնենք այդ պահանջները։ Կարող եմ միայն ասել, որ դրանք բոլորի կողմից ընդունված կետեր են։ Մեր պահանջները հիմնականում վերաբերում են ներքին քաղաքականությանը»,- ասաց Ռ. Հակոբյանը` ավելացնելով, որ առանձին դրույթներ կան, որոնք ուղղված են կոնկրետ կառավարությանը:
Խմբակցության ղեկավարը չցանկացավ մանրամասնել կոնկրետ կետերը` պատճառաբանելով, թե քառօրյայի ընթացքում չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսվում, եթե իշխանության կողմից քառյակի պահանջները չկատարվեն, Ռ. Հակոբյանը պատասխանեց, որ աշնանը հրավիրվելու է համատեղ հանրահավաք, որի ժամանակ էլ գնատահատական կտրվի, թե որքանով են կատարվել այդ պահանջները։ Բացի այդ, նա ասաց, որ եթե կան պահանջներ, պետք է տրվի նաև ժամանակ` դրանց կատարման համար:
«Այդ 12 կետերի իրականացումն արմատական փոփոխություններ կմտցնի մեր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտում»,- ասաց Ռ. Հակոբյանը: