.jpg)
«ԼՂՀ-ն միակ չճանաչված պետությունը չի լինի, որ դե ֆակտո կդառնա ԵՏՄ մի մաս»
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը տնտեսական լայն հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի համար: ԼՂՀ-ն, չմտնելով ԵՏՄ, դե ֆակտո դառնում է ԵՏՄ տարածքի մի մասը, և այնտեղ արտադրվող ապրանքներն ունենալու են նույն կարգավիճակը, որն ունեն ունեն միության անդամ երկրներում արտադրվող ապրանքները: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«Ադրբեջանում սա շատ լավ են հասկանում և փորձում են ամեն կերպ խոչընդոտել ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը: Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ, իսկ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական տնտեսական տարածք են, որտեղ բացակայում է մաքսային սահմանը»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ ԼՂՀ-ն միակ չճանաչված հանրապետությունը չի լինելու, որ չհանդիսանալով ԵՏՄ անդամ, դե ֆակո դառնալու է ԵՏՄ տարածքի մի մասը:
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությունը, պագամավորը նկատեց, որ նա արդեն երրորդ անգամ է բարձրաձայնում այդ հարցը` ցույց տալով, որ լիովին պաշտպանում է Ադրբեջանի շահերը. «Նազարբաևը Հայաստանի սահմանների մասին բարձրաձայնել է նաև Մոսկավյում, երբ ստորագրվում է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը: Սակայն այդ ժամանակ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկեցին և մերժեցին նրա առաջարկը, արդյունքում Հայաստանն առանց խնդրի ստորագրեց ճանապարհային քարտեզը»:
Շարունակելով խոսքը` Գ. Մինասյանն ասաց, որ Աստանայում Նազարբաևը հայտարարություն արեց ոչ թե իր, այլ` Ադրբեջանի նախագահի անունից, քանի որ մեկ անդամ արդեն պարտություն կրել էր և ցանկալի չէր մեկ անգամ ևս պարտվել:
«Երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պատկերացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Հայաստանը: Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերում, երբ խոսքը գնում է Հայաստանի մասին, քննարկում են` Հայաստան ասելիս հասկանալ միայն ՄԱԿ-ի ամրագարած սահմաններով Հայաստա՞ն, թե՞ ԼՂՀ-ի հետ միասին»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավորը:
Եզրափակելով խոսքը` Գ. Մինասյանը վստահեցրեց, որ մինչև հուլիսի 1-ը Հայաստանը կունենա Մաքսային միության անդամի կարգավիճակ: