Արաբագետ. Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է լինելու
03/06/2014 15:05

Արաբագետ. Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է լինելու

Սիրիայում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում վերընտրվելու է գործող նախագահ Բաշար Ալ Ասադը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված իրավիճակն է լինելու.

«Հակակառավարական ուժերն ամեն կերպ փորձելու են տապալել ընտրությունները: Արևմտյան մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչելու Սիրիայի ընտրությունները, քանի որ դրանք անցկացվում են քաղաքացիական պատերազմի պայմաններում: Չնայած սրան, երկրի տարածքում բացվել է 9601 ընտրատեղամաս, գրանցված ընտրողների թիվը 15,8 միլիոն է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ վերընտրվելով Բաշար Ալ Ասադը կհերքի այն մեղադրանքները, թե ինքը լեգիտիմ նախագահ չէ.

«Բաշար Ալ Ասադի վերընտրման հավանականությունը մեծ է նաև այն պատճառով, որ առաջադրված մյուս երկու թեկնածուները հանրությանն անծանոթ են, նրանց մասին սիրիացիներն իմացան միայն նախընտրական շրջանում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի հայ համայնքին՝ արաբագետի խոսքով այն մեծ ակտիվություն կդրսևորի.

«Միաժամանակ, քանի որ սիրիահայերի թիվը զգալիորեն պակասել է՝ նրանց ձայնը վճռորոշ չի կարող լինել»,- ասաց Արմեն Պետրոսյանը: 

Նախորդող հրապարակում՝ Սիրիան այսօր նախագահ է ընտրում

Արաբագետ. Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է լինելու