.jpg)
Բակո Սահակյանը հանդիպել է Դիդյե Բուրկհալտերի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է պաշտոնական Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը, և կարևորել է միջազգային հանրության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը Ադրբեջանին դատապարտելու ու կառուցողական հուն բերելու ուղղությամբ:
Միաժամանակ, երկրի ղեկավարը վերահաստատել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: