«Սիրիայի իրադարձությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են»
06/06/2014 14:48

«Սիրիայի իրադարձությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են»

Սիրիայում կատարվող իրադարձությունները հաճախ ներկայացնում են որպես ընդդիմության ու իշխանության պայքար, սակայն դա այդպես չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով սիրիական հակամարտությունը որակեց իրական պատերազմ:

«Սիրիայում բազմաբևեռ իրական պատերազմ է ընթանում: Մի կողմից այդ պատերազմի մասնակցում են Սիրիան ու նրա դաշնակից Իրանը, մյուս կողմից՝ վարձկանները, որոնք սպասարկում են ինչպես արաբական որոշ երկրների, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերը»,- նշեց նա՝ հավելելով, որ սիրիական գործողությունները վտանգավոր են նաև հայերի ազգային անվտանգության առումով:

«Սիրիայում ծավալվող իրադրաձություններին անմիջական մասնակցություն ունեն Հայաստանի ոչ բարեկամ երկրները և Հայաստանը պետք է շատ ուշադիր հետևի այդ ամենին: Պետական անվտանգության առումով վտանգավոր է, քանի որ Սիրիայում շատ ակտիվ են հատկապես ադրբեջանցի վարձկանները: Այդ գործողություններին մասնակցում են նաև Թուրքիայի կանոնավոր բանակի զինյալները: Իսկ դա հուշում է այն մասին, որ Սիրիայում ընթացող գործընթացներն ուղղակի սպառնալիք են հայության անվտանգությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում, և մասնավորապես Սիրիայում ապրում հենց Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերը, ովքեր համարվում են արևմտահայ մշակույթի ու քաղաքակրթական այդ հատվածի ժառանգորդները, ուստի, Սիրիայի դեպքերի հետ կապված, Թուրքիան ունի հատուկ նպատակներ, որոնք փորձում է ի կատար ածել:

«Բոլոր այն երկրներում, որտեղ իրականացվեցին արաբական գարունները, ցույց տվեցին, որ մեծ թվով քրիստոնյաներ կամ դառնում են փախստական, կամ զոհվում են այդ մարտում: Այս ամբողջ ընթացքում ողջ Սիրիայի հայությունը կրեց ոչ միայն ֆիզիկական ու նյութական կորուստներ, այլև հոգեկան ու բարոյական վնասներ: Կարծում եմ, որ ամեն դեպքում այդ գործողություններում կա հայկական շեշտադրում: Սիրիայի դեպքերն ապացուցում են, որ Թուրքիան իր ազգային կոդը չի փոխել և չի փոխում: Սիրիայում ընթանում է ոչ թե քաղաքացիական, այլ հիբրիդային պատերազմ, որին մասնակից են նաև Թուրքիան ու Ադրբեջանը: Այդ պատերազմում մի կողմից կռվում են Սիրիայի կանոնավոր զորքերը, մյուս կողմից՝ ահաբեկչական կազմակերպություններն ու հատուկ նշանակության զորքերը, որոնք սպասարկում են Թուրքիայի շահերը»,- ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ այդ գործողությունները փաստում են նաև այն, որ Սիրիայում ծավալվող իրադարձությունները կրում են Ցեղասպանական բնույթ, և կարելի է ասել, որ այդ ամենը Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

«Մենք գործ ունենք հումանիտար խոշոր բախման հետ, որն իր մեջ ցեղասպանության տարրեր է պարունակում: Այդ ամենի հետևանքով 8-10 մլն մարդ դարձել է փախստական, իսկ 1 մլնից ավելին զոհվել այդ պատերազմում: Սա ոչ այլ ինչ է քան ցեղասպանություն: Ցանկացած բախման հետևանքով, եթե զոհվում է 1 մլն և ավելի մարդ, դա արդեն Ցեղասպանություն է»,- նշեց Հարությունյանը՝ շարունակելով, որ Սիրիայում այսօր ընթանում է ոչ միայն քրիստոնյաների բնաջնում, այլև մշակութային ցեղասպանություն:

«Մեծ քանակությամբ մշակութային ու հնէաբանական կենտրոններ թալանվել են թուրքերի կողմից: Թուրքիան այն տրանզիտային երկիրն է, որի միջոցով թալանվում է հատկապե հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, որի մեծ մասը տեղափոխվում է կամ Թուրքիա, կամ՝ եվրոպական ու ամերիկյան որևէ այլ քաղաք»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է սիրիահայությանն ու նրանց ցուցաբերված օժանդակությանը, ապա Հարությունյանը նկատեց, որ ի տարբերություն իրաքյան հայության՝ սիրական հայ համայնքը մեծ աջակցություն է ստացել հայաստանի կողմից:

«Իրաքյան հայ համայնքը ոչ մի աջակցություն չստացավ մեր պետության կողմից, բայց այն ժամանակ չկար Սփյուռքի նախարարություն, ով սիրացի հայերին իր կարողությունների սահմանում օգնեց: Իհարկե այդ ամենը քիչ է, բայց ամեն դեպքում օգնություն է: Ցավոք, բոլորին չէ, որ կարողանում ենք օգնել ու ընդունել, բայց այսօր բազմաթիվ սիրիահայեր Հայաստանում ապրում և աշխատում են: Այս առումով թերևս անելիքներ դեռ ունենք»,-ասաց նա:
 

«Սիրիայի իրադարձությունները Հայոց ցեղասպանության շարունակությունն են»