.jpg)
ՍԱՊԾ-ն տուգանել է «Մոսկվիչկա» սուպերմարկետին
Նախօրեին «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է իր պլանային ստուգումները: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ով նշեց, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցի նկատմամբ կիրառվել են վարչական տուգանքներ:
«Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերի և առանց մակնշման սննդատեսակներ: Դրանց վաճառքը կասեցվել է և հանձնարարվել է շտկել առկա թերությունները: Այս պահին դրանք շտկված են»,-հավելեց նա:
Ա. Սուքիասյանի խոսքով՝ սուպերմարկետի խախտումները սահմանափակվում են այդքանով միայն: «Այլ խախտումներ չեն արձանագրվել»,- ասաց նա:
Իսկ թե ինչ չափի տուգանքներ են սահմանվել, խոսնակը չմանրամասնեց դրանք՝ ընդգծելով, թե ձևավորվել է հանձնաժողով, որը որոշում կկայացնի, թե ինչ չափի տուգանք կսահմանվի ընկերության նկատմամբ: «Կհրապարակենք այդ մասին ավելի ուշ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե այլ սուպերմարկետներում ևս անցկացրել եք նման ստուգումներ, Ա. Սուքիասյանը նշեց, որ այս փուլում ստուգումներ իրականացվել են միայն «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում:
Հիշեցնենք նաև, որ օրերս այս խանութի աշխատակիցները ընդհարում էին ունեցել նաև լրագրողների հետ, ովքեր գնել էին բրնձով փլավ, որի մեջ եղել էր ապակու կտոր: Երբ լրագրողները կոնկրետ փաստեր էին ներկայացրել խախտման վերաբերյալ, լրագրողներին անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել խանութից դուրս գալ: