06/06/2014 17:26
Փորձագետ. Վարդան Պետրոսյանի վարած մեքենան է եղել վթարի պատճառը
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը:
Դատական նիստին չէին ներկայացել տուժողները, ինչպես նաև Վ. Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանները: Դատական նիստի ընթացքում հրապարակվեց ճանապարհային պայմանների և շրջակա միջավայրի հարաբերակցությունը վթարի վրա ունեցած հնարավոր ազդեցության մասին փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի, ճանապարհային պայմանները կամ եղանակը չէին կարող վթարի պատճառ հանդիսանալ:
Ավելին, ըստ փորձագետի՝ վթարը եղել է Վ. Պետրոսյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այն է՝ արագության գերազանցման պատճառով և վերջինս չի ապահովել իր ավտոմեքենայի լիարժեք կառավարումը ու բախվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենային:
Նույն փորձաքննության համաձայն՝ «Նիվայի» վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել:
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ փորձագետի եզրակացության մեջ կան խախտումներ և քննիչի թույլ տված սխալը, այն է, իրականում բանուկ մասում տեղի ունեցած վթարը կողնակ տեղափոխվելու վերաբերյալ ճակատագրական է եղել Վ. Պետրոսյանի համար:
«Որպես վթարի վայր ընտրվել է կողնակի այն վայրը, որը քննիչն է ընտրել, սակայն Գագիկ Շամշյանի նկարած նկարում այդ հետքը երևում է, բայց ինքը չի գծել: Եթե հետքը գծեին, ապա Վարդանին մեղադրանք չէին առաջադրի»,-ասաց նա:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, հակադարձելով Ն. Բաղդասարյանին, ասաց, որ Ն. Բաղդասարյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ ինքը վթարի պահին եղել է ավտոմեքենայում:
Հիշեցնենք, որ որ ըստ Վ. Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին, որի հետևանքով «Վազ -21214» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին և էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաև ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 242 Հոդվածի 3 Մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով:
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
Նախորդող հրապարակում՝ Արդարադատության նախարարը հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին
Վ. Պետրոսյանի գործով պաշտպան. Պաշտպանական կողմը փորձել է տապալել դատը