.jpg)
«1994-ին Կառավարման ակադեմիա հիմնելը խենթություն էր». ՊԿԱ-ն 20 տարեկան է
Կառավարման ակադեմիան իր անցած քսան տարվա ճանապարհն անցել է պետությանը զուգահեռ, պետության հետ միասին կայացրել է իր բազան` դառնալով մեր պետական կառավարման համակարգի համար մասնագետների պատրաստման կարևորագույն օղակ: Այսօր` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրամն 20-ամյակի նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, ողջունելով Ակադեմիայի շրջանավարտներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Վ. Սարգսյանը նկատեց, որ Նախագահի աշխատակազմում, Կառավարությունում, Ազգային ժողովում և պետական այլ կառույցներում աշխատում են հենց կառավարման ակադեմիայի շրջանավարտները:
«Ակադեմիայի շրջանավարտները տարբեր մարմիններում իրենց գործունեությամբ ու աշխատանքով միջավայր են փոխում, ինչն ակնհայտ է ու գնահատման արժանի: Ակադեմիայի հիմնումը կարևոր ու բացառիկ նշանակություն ունեցող քայլ էր պետության կառավարման գործում»,- ասաց Վ. Սարգսյանն` ավելացնելով՝ պատահական չէ, որ ակադեմիան Նախագահի աշխատակազմի հսկողության և հովանու ներքո է:
«Կանցնեն տարիներ, և մեր ապագա սերունդները, հետ նայելով կտեսնեն, որ 1994-ին Կառավարման ակադեմիա հիմնելը խենթություն էր: Սակայն պետք է փաստել, որ շատ կարևոր էր այն տարիներին նման կառույց ստեղծելը»,- ասաց Վ. Սարգսյանը և մեջբերեց Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձից հատված:
Նշենք, որ տոնական միջոցառման ժամանակ ցուցադրվեց ՊԿԱ-ի անցած 20 տարվա մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև տեղի ունեցավ ՊԿԱ-ի 20-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը:
Բացի այդ` ՊԿԱ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրել հանրային կառավարման ամբիոնի դոցենտ Վիլիկ Եդիգարյանին և քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին: