Հաշմանդամություն ունեցողները կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից
13/06/2014 13:22

Հաշմանդամություն ունեցողները կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացրել է որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայն որոշման այդ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:

Նշված նախագծի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը, ով նաև առաջարկել է բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:

Նախագիծը, որն ի դեպ լիովին համահունչ է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, ներպետական օրենսդրական երաշխիքներին, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձին, այս և այլ առաջարկների հետ միասին կընդգրկվի Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
 

Հաշմանդամություն ունեցողները կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից