.jpg)
«Դեմ եմ»-ի անդամ. Այս կառավարությունը նախորդից ոչնչով չի տարբերվում
Այս կառավարության գործունեությունը նախորդից ոչնչով չի տարբերվում, քանի որ Կուտակային կենսաթոշակների մասին կառավարության առաջարկած օրենքի նոր նախագծում ոչինչ չի փոխվել, պարզապես պարտադիր կուտակային վճարը դարձել է սոցիալական վճար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Չի կարող ընդունվել մի օրինագիծ, որի մասին անգամ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն»,- ասաց Գևորգ Գորգիսյանը: Նա ընդգծեց, որ հիմա հստակ խտրականություն է դրվում պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատող մարդկանց միջև: Շարունակելով Գ. Գորգիսյանի խոսքը՝ «Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում պետական կառույցներում աշխատող մարդկանցից.
«Նրանք զարհուրելի վիճակում են: Զանգեր ենք ստանում հատկապես դպրոցներից ու հիվանդանոցներից, որտեղ մարդիկ վախենում են ոտքի կանգնել ու պայքարել»,- ասաց Մանե Թանդիլյանը:
«Պետք է ասեմ, որ եթե կառվարության այս նախագիծն օրենքի ուժ ստանա, ապա ստացվում է, որ մեր այս ամբողջ պայքարն անիմաստ է եղել»,- ամփոփելով ասաց Գևորգ Գորգիսյանն՝ ընդգծելով՝ «մենք ամեն ինչ անելու ենք նման բան թույլ չտալու համար»:
Նախորդող հրապարակում՝ Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. «Փաստինֆո»