Շարմազանովը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ կառավարության անդամների համար
18/06/2014 17:57

Շարմազանովը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ կառավարության անդամների համար

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ արտահերթ նիստը, որը, սակայն, քիչ առաջ շատ պատահականորեն ընդհատվեց:

Այսպես` պատգամավորներին պետք է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը ներկայացներ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ով սակայն այդպես էլ չներկայացավ խորհրդարան: Սա դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով օգտվելով իր լիազորություններից, դադարեցրեց ԱԺ նիստը:

«Քանի որ Կառավարության ներկայացուցիչը դեռևս չի կարողանում ժամանել ԱԺ` չգիտեմ ինչ պատճառներով, այնուամենայնիվ ներողություն եմ խնդրում, բայց ԱԺ բնականոն աշխատանքի համար, ես պետք է կանոնակարգ օրենք խախտեմ ու ԱԺ նիստը դադարեցնեմ, որ կառավարության անդամները ու մեր զեկուցողը հասկանան, որ պետք է ժամանակին գան այստեղ»,- ասաց Է. Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ պատգամավորները պարտավոր չեն նստել ու սպասել, թե երբ ԱԺ կգա կառավարության ներկայացուցիչը:

«Ես չեմ կարծում, որ պատգամավորները պետք է նստեն այստեղ և մի 10 րոպե սպասեն զեկուցողին: ԱԺ նիստը դադարեցնում է աշխատանքը, ցտեսություն, կհանդիպենք վաղը` ժամը 11-ին»,- եզրափակեց խոսքը Է. Շարմազանովը:

 

Շարմազանովը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը՝ կառավարության անդամների համար